Արգիշտի Քյարամյանն առաջարկում է ատեստավորում չանցած ուսուցիչների համար բացասական հետևանքներ առաջացնել

Կառավարության այսօրվա նիստից կարելի էր տպավորություն ստանալ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր խնդիրները լուծված են, հանցագործություններ կատարած բոլոր անձինք ստացել են իրենց պատիժները, ու գործող իշխանության ներկայացուցիչներն անցել են «դեզի մեջ ասեղ փնտրելուն»:

Այսօր, երբ մինչև կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելը Նիկոլ Փաշինյանը խոսեց իրենց իրականացրած «ռազմավարական ու շրջադարձային նշանակություն ունեցող»  ծրագրի մասին կամ, այլ կերպ ասած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին, Քննչական կոմիտեի պետ Արգիշտի Քյարամյանը ատեստավորումը չանցած ուսուցիչների համար «բացասական հետևանքներ» առաջացնելու հետաքրքիր առաջարկ ներկայացրեց:

«Մեկ հարց էլ իմ մոտ առաջացավ․ արդյոք ատեստավորման ընթացքում ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ, և եթե նախատեսված չէ՝ արդյո՞ք չարժե ակնհայտ ցածր արդյունքներ գրանցած ուսուցիչների համար որոշակի բացասական հետևանքներ առաջացնել»,- ասաց ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը:

Փաշինյանն էլ ի պատասխան Քյարամյանին՝ հիշեցրեց, որ այդ հարցին իր խոսքում արդեն իսկ անդրադարձել է, ու ավելացրեց․ «Իհարկե, որակավորումը չհաստատած որևէ ուսուցիչ չպետք է մեր դպրոցում աշխատի, սա է մեր ռազմավարական նպատակը»:

«Մենք հիմա չենք ուզում և չենք էլ կարող և տրամաբանական էլ չի լինի ասել՝ վայ, 2021թ. սեպտեմբերի թեստը չանցաք, շնորհակալություն, ցտեսություն: Կլինի երկրորդ, երրորդ, չորրորդ փորձը… Ես չգիտեմ՝ չորրորդ փորձը կլինի՞, թե՞ չէ, բայց որ երկրորդն ու երրորդը կլինեն, էդ հաստատ: Դրանից հետո նրանք, ովքեր որակավորումը չեն հաստատի, բնականաբար, մենք չենք կարող հանրակրթական ոլորտում թույլ տալ, որովհետև մեր երեխաների հետ գործ ունեն էդ մարդիկ: Էնպես չէ, որ մենք իրենց ուզում ենք ինչ-որ ձևով վատություն անել, կամ չգիտեմ, չթողնել, որ իրենք աշխատեն: Բացարձակապես: Իրենք մեր երեխաների կրթության հետ են առնչվում, և մենք պետք է համոզված լինենք… Եվ դա մեր պարտքն է, ընդ որում, սա մեր պարտքն է՝ համոզված լինել, որ յուրաքանչյուր ուսուցիչ, որ մտնում է դասասենյակ, ունի դրա համար անհրաժեշտ որակավորում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ու Փաշինյանի խոսքից հետո հանկարծ պարզ դարձավ, որ Քյարամյանը «բացասական հետևանքներ» ասելով՝ պարզապես նկատի ուներ ուսուցիչների համար վերապատրաստման կուրսեր կազմակերպելը:

«Մեծարգո վարչապետ, ավելի շատ հարցս վերաբերում էր ատեստավորումը չանցած ուսուցիչների համար վերապատրաստման կուրսեր կազմակերպելուն»,- ասաց Քյարամյանը:

ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, թե այս փուլում չի կարելի բացասական վերաբերմունք դրսևորել ատեստավորումը չանցածների նկատմամբ, մի բան էլ ավելի՝ պետք է ողջունել նրանց մասնակցությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս