Ռազմավարական և շրջադարձային ծրագիր է ընթանում. ուսուցիչները կամավոր ատեստավորվում են. Փաշինյան
«Ամենաթափանցիկ» կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված 32 հարցից զեկուցվող էին ընդամենը 2-ը, սկսվեց օրակարգում չընդգրկված, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «կարևորագույն ռազմավարական ծրագրի» մասին երկար քննարկմամբ, որը, Փաշինյանի կարծիքով, «շրջադարձային նշանակություն պետք է ունենա ՀՀ հետագա զարգացման գործում»: Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է:
«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք՝ կամավոր ատեստավորման, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում՝ ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատե՞լ իրենց որակավորումը, թե՞ ոչ: Եվ այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով:
Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր: Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հետո արդեն ԿԳՄՍ նախարարից իմանալով, որ կամավոր ատեստավորման մի փուլն արդեն ավարտվել է, ավելին՝ ատեստավորումն անցած ուսուցիչները հոկտեմբերից արդեն ստանում են ավելի բարձր աշխատավարձ՝ կախված ատեստավորման արդյունքից:
Փաշինյանը մոտ 10 րոպե իր ելույթով անդրադարձավ ատեստավորման փուլերի նկարագրությանը, ընթացող փուլերին, ուսուցիչների՝ արդեն իսկ բարձրացրած աշխատավարձը նոր ատեստավորմամբ ավելի բարձրացնելու հնարավորությանը:
«Մեր կարծիքով և հաշվարկներով, պրոցեսի էս շղթան փակելն ամբողջությամբ կտևի երևի 3 տարի, 3-4 տարի և այս 3-4 տարվա արդյունքներով մենք կարձանագրենք հետևյալը, որ ՀՀ X թվով ուսուցիչներ՝ բոլոր առարկաների, անցել են ատեստավորման գործընթացը, և եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, էլի եմ ուզում ընդգծել, որ սա իրենց նախաձեռնությունը պիտի լինի, ոչ մի պարտադրանք չկա, բնականաբար, կառավարության մոտ հարց կառաջանա՝ «ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու և երբեմն նույնիսկ 125%-ով բարձրացնելու հնարավորությունից»: Սա հարց է, որի պատասխանի վրա մենք պետք է աշխատենք և շարունակենք մեր ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք կարողանան քաջալերվեն՝ իրենք իրենց աշխատավարձը իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնել:
Եվ երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել իրենց աշխատավարձը, մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակի ստեղծում: Եվ այս իրավիճակի արդյունքում մենք Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ: Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ իրենք չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորումով ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում