Քանդել են ամեն ինչ․ Գալու է պատասխան տալու ժամանակը
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներն իսկական մղձավանջ են դարձել Հայաստանի համար։ Չկա ոչ մի հեռանկար։ Միայն դատարկ խոսքեր են և ուրիշ ոչինչ։
Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կարճ ժամանակահատվածում երկիրը վերածեցին քաոսի։ Քանդել են ամեն ինչ ու թողել բախտի քմահաճույքին։ Անում են այն, ինչ խելքներին փչում է։
Տարօրինակ է, որ այսքանից հետո իշխանությունը դեռ վստահություն ունի հասարակության ինչ-որ զանգվածի շրջանում։ Ժամանակին դեռ ինչ-որ կերպ կարելի էր դա հասկանալ՝ խոստումների պակաս չկար։ Բայց այսօր՝ տարիների հեռվից, լիակատար դատարկությունն է։ Ոչինչ այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էին հասարակությանը՝ իշխանության գալու նախաշեմին ու դրանից հետո։ Երկրի անվտանգության ու սահմանների պաշտպանության մասին նույնիսկ չենք խոսում, որովհետև դա ակնհայտ է. կորցրել ենք երբեմնի ունեցած անվտանգային համակարգը, իսկ նորը չկա։
Վերցնենք այն ոլորտները, որտեղ տարիներ շարունակ այլ սպասումներ են ձևավորել հասարակության շրջանում, ու հիմա տեսնում ենք արդյունքները։
Ամենակարևորներից մեկը, որ շահարկելով եկան իշխանության, մարդկանց բարեկեցիկ կյանքով ապահովելն էր։
Կա՞ այսօր բարեկեցիկ կյանք Հայաստանում։ Իհարկե կա, բայց միայն նրանց համար, ովքեր փողոցից հայտնվեցին իշխանության բարձր աթոռներին։ Իսկ մնացածը, առավել ևս՝ հասարակ ժողովուրդը, «վայելում» է իրեն բաժին ընկած տառապանքներն ու չարքաշ կյանքը։
Ժամանակին գնաճը մատի փաթաթան դարձրած և իբր թե սոցիալական անապահովների հոգսերով տառապող Նիկոլ Փաշինյանը, դժվար է ասել, թե վերջին անգամ երբ է հիշել գնաճի մասին։ Այն էլ այնպիսի գնաճի, որը շատ վաղուց Հայաստանում չէր եղել։
Գնաճը դատարկում է մարդկանց դատարկ գրպանները ու խորացնում աղքատությունը։ Բարեկեցիկ կյանքի փոխարեն՝ կյանքի պայմանները գնալով վատանում են, օր ու մեջ նոր ծախսեր են դնում մարդկանց վրա, իսկ եկամուտների ավելացման մասին խոսք չկա։ Մարդիկ գնալով աղքատանում են։
Չզարմանաք, եթե ասենք, որ այսօր Հայաստանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան տարիներ առաջ, երբ ոսկե սարեր խոստանալով՝ Նիկոլ Փաշինյանը փողոցից հայտնվեց իշխանության բարձունքին։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում ապրելը դժոխային ծանր է։ Դա է պատճառը, որ մարդիկ հեռանում են երկրից։
94.000-ից ավել մարդ տարվա միայն առաջին վեց ամիսներին գնացել է երկրից ու չի վերադարձել։ Խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է։
Սա արտագաղթի նոր ալիք է, որ բերել է այս իշխանությունը՝ մեծ ներգաղթի խոստումներ շռայլելու դիմաց։ Ներգաղթ այդպես էլ չեղավ, իսկ արտագաղթ կա, ու դեռ հայտնի չէ, թե մինչև ուր կարող է ձգվել։ Ովքեր մի փոքր իսկ հնարավորություն ունեն, գնում են։ Գնում են թե՛ անպաշտպանությունից, և թե՛ ապրելու անհնարինությունից դրդված։ Եվ սա այս իշխանության նվերն է այն հասարակությանը, որն իրեն բերել էր իշխանության։
Անցած գրեթե 4 տարում իշխանությունը ոչնչով չկարողացավ բարելավել հասարակ մարդու կյանքը։ Մեկ անգամ, այն էլ՝ ընդամենը 3 հազար դրամով, հազիվ բարձրացրել են սոցիալական ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների կենսաթոշակը։
Իսկ քանի՞ այդպիսի 3 հազար դրամ է այս ընթացքում նրանցից խլում գնաճն ու համատարած թանկացումները։
Հիմա էլ հերթական կեղծիքն են շրջանառության մեջ դրել, թե իբր հաջորդ տարի սպասվում է կենսաթոշակների բարձրացում։ Խոսքն ընդամենը 2,1 հազար դրամի մասին է։ Այնինչ՝ դա էլ կենսաթոշակառուների 97 տոկոսին չի վերաբերում։
Իրենց մի քանի հարյուր հազար դրամանոց աշխատավարձերը ապրելու համար քիչ են համարում ու կրկնապատկում են պարգևավճարների միջոցով։ Իսկ սոցիալական խոցելի խմբերին կրկին թողնում են բախտի քմահաճույքին։
Տնտեսության մեջ ձևավորվող արդյունքի արդարացի վերաբաշխումից էին խոսում, հիմա տեսնում ենք, թե ինչքան արդարացի են բաշխում պետության փողերը։
Այսպիսին է իշխանությունների բերած արդարությունն ու ներառական տնտեսության կառուցումը։
Հասարակությանը գայթակղում էին նախկինների թալանով ու թալանը վերադարձնելու հույսերով։ Մարդիկ էլ հավատում էին։ Եվ ի՞նչ ստացան։ Քանի՞ նախկին պաշտոնյա է այս ընթացքում Հայաստանում դատվել, իսկ գողացված միջոցները վերադարձվել են պետությանը։
Երբ նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։ Առնվազն համակարգային կոռուպցիան վերացել է։
Տեսնում ենք, թե ինչքանով է վերացել. այս ընթացքում քանի պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյա է մեղադրվել կոռուպցիայի ու կաշառակերության մեջ։
Բյուջեի թալանից էին խոսում, հիմա բյուջեն մի այլ կերպ է թալանվում՝ օրինական ու ոչ օրինական ձևերով։ Կոռուպցիան այնտեղ է, որտեղ պետական փողերն են շրջանառվում։ Երբեք Հայաստանում բյուջեի միջոցներով մեկ անձից կատարվող գնումներն այսպիսի բարձր մակարդակի չեն հասել։ Կոռուպցիայի առումով դա շատ վատ ցուցանիշ է։ Վատ, որովհետև դրանք գնումներ են, որոնք գրեթե դուրս են վերահսկողությունից և արվում են՝ անողի հայեցողությամբ։ Ումից կուզեն, նրանից էլ կգնեն։
Կոռուպցիան այստեղ է, որը այս իշխանությունների ժամանակ հասել է ահավոր բարձր մակարդակի։ Անունը դրել են հրատապ գնումներ ու ինչ ուզում՝ անում են։
Պարտքերի նկատմամբ տարիներ շարունակ խրոնիկ ատելությամբ տառապելով՝ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկիրը դրեց մեծ պարտքերի տակ։ Երեք ու կես տարում՝ 2 մլրդ դոլար։ Եվս 1 միլիարդ հաջորդ տարի կավելացնեն։ Պարտքերի աճը մի քանի անգամ գերազանցում է ՀՆԱ աճի տեմպին, ու դա է պատճառը, որ մեր երկրի պարտքը կտրուկ ավելացել է ոչ միայն՝ անվանական արտահայտությամբ, այլև՝ պարտքի բեռով։ Պարտքի ցուցանիշները երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա է։
Ամենավատը, թերևս, այն է, որ այսքանից հետո անգամ չկան հուսադրող ու դրական սպասումներ։ Ձախողումներն այսօր էլ շարունակվում են։
Դրանց մեղավորներին, որքան էլ փնտրեն անցյալում, միևնույն է, պատասխանատուն մնում է քաղաքական իշխանությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ։ Իշխանության լծակներն այսօր նրանց հնարավորություն են տալիս խուսափել պատասխանատվությունից։ Բայց դա ժամանակավոր է։ Պատասխանատվությունը, միևնույն է, ուշ թե շուտ, գալու է, և երկիրն այս վիճակին հասցնողները պատասխան են տալու իրենց արածների ու չարածների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ