«Շառից-փորձանքից հեռու». Նավոյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանն ինքնաբացարկ հայտնեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի շտաբի պետ Գևորգ Նավոյանի և Անահիտ Գրիգորյանի գործով դատական նիստում չնայած մերժեց Գևորգ Նավոյանի պաշտպանների՝ Մնացական Մարտիրոսյանին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը, այդուհանդերձ ինքնաբացարկ հայտնեց:
«Դատարանը գտել է, որ պատշաճ կարգով ստեղծված դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը, պատշաճ կարգով գործի բոլոր գործառույթներն իրականացվել են: Սակայն հաշվի առնելով մինչդատական վարույթում նախագահող դատավորի կողմից դատական ակտեր կայացրած լինելու հանգամանքը, հաշվի առնելով, որ դատարանի աշխատակազմի կողմից, անկախ նրանից, թե երկու տարբեր գրություններ են գրվել՝ ի լրումն մեկի, մյուսի, որ որոշակի խախտումներ այնուամենայնիվ տեղ են գտել, այս բոլոր հանգամանքները իրենց համադրության մեջ գնահատելով՝ դատարանը գտել է, որ արդարադատության շահից ելնելով՝ անհրաժեշտ է ինքնաբացարկ հայտնել, որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն չստեղծվի, որ նախագահող դատավորը մինչդատական վարույթից սկսելով մինչև վերջ փորձում է ավարտել գործի վարույթը»,- որոշումն այսպես հիմնավորեց ինքնաբացարկ հայտնած դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Գևորգ Նավոյանի պաշտպան, փաստաբան Արտակ Նավասարդյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորն ըստ էության բացարկ հայտնեց իրենց մատնանշած հիմքերով, ու հավելեց, որ կա ողջամիտ և հիմնավոր կասկած՝ գործի մակագրման հետ կապված:
Գևորգ Նավոյանի մեկ այլ պաշտպան՝ փաստաբան Սլավիկ Պողոսյանն էլ նշեց, որ եթե դատավորը բացարկ չհայտներ, իրենք բողոքարկելու էին քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը, նշելու էին արդեն իսկ վկայակոչած փաստարկները:
«Այդ ամեն ինչից, կոպիտ ասած, ազատվելու համար, լավագույն տարբերակը բացարկ հայտնելն էր՝ մտածելով նաև, որ մենք չենք շարունակի այս պրոցեսները… Հետևաբար՝ սա լավագույն տարբերակն էր, շառից-փորձանքից հեռու… Մեզ համար էական է, որ օրենքով սահմանված կարգով ստեղծված դատարանը այս գործը քննի»,- նշեց փաստաբան Սլավիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում էին Նավոյանի պաշտպանները քրեական գործի՝ դատավորի մակագրման կարգի հիման վրա Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ որոշում էր կայացրել հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև կստանար միջնորդությունը հիմնավորող փաստերը:
Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմն արդեն իսկ ներկայացված միջնորդությանը մի քանի փաստական հանգամանքը ևս ավելացրեց՝ դատարանին ցույց տալու, որ այս գործի մակագրումն օրինական կարգով չի իրականացվել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Նավոյանը մեղադրվում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրություններին մասնակցելու և առաջադրված կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին տվել է կաշառք:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում