«Կարտոֆիլն ավելի է թանկանալու. կգա ժամանակ, երբ ոչ բոլորը կկարողանան ձեռք բերել». Հրաչ Բերբերյան
Երևանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչև 150 դրամի սահմաններում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ դա պայմանավորված է, նախևառաջ, ոռոգման ջրի խնդրով.
«Ունեցանք արհեստական երաշտ և Շիրակի գոտում, որը մեր հիմնական կարտոֆիլ արտադրող ուղղություններից մեկն է, 40-50 տոկոս անկում ունեցանք: Շիրակի գոտում է արտադրվում նաև գազարը, բազուկը, հացազգիները: Էկոնոմիկայի նախարարության հովանու տակ հացահատիկի ինչ-որ սերմացուներ են ներկրել, որոնց մեծ մասը չի ծլել: Մենք մտածում ենք, որ դրանք այն սորտերն են եղել, որոնք Հայաստանում սորտափորձարկում չեն անցել, այսինքն՝ եղել է օրենքի խախտում. Ինչ-որ մի խումբ քայլող, վազող, թռչողներ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, որ ինչ ուզեն՝ կարող են անել այս հանրապետությունում»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսությանը առաջին հարվածը հենց կառավարությունն է տվել. «Իրենք «մեծ գիտելիքներ» ունեն, և սա մեր դժբախտությունն է»:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ չնայած ոռոգման խնդրին՝ կարտոֆիլի որակը բարձր է եղել, և բավականին մեծ քանակությամբ արտահանվել է. «Այս տարի Իրանը, Վրաստանը, ո՛չ Թուրքիան, Ադրբեջանը կարտոֆիլի բերքից խեղճացած են, լավագույնը Հայաստանն է: Հաջորդ խոշոր միջազգային արտադրողը Եգիպտոսն է, որը շուկան կլցնի փետրվարի վերջին, այդ ժամանակ գները կփոխվեն: Միջազգային գները, կարծես թե, սկսեցին Հայաստանում էլ աշխատել: Սա մի կողմից՝ դրական շարժ է, որ մենք բավականին գումար կներդնենք կարտոֆիլագործությունում, մյուս կողմից էլ, իհարկե, պետք է մտածենք մեր ազգաբնակչության մասին, որ արտադրությունն ընդլայնելով՝ հաջորդ տարի ավելի մատչելի լինի: Հաջորդ տարի գները կիջնեն»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ բանջարեղենը ձմռանն ավելի կթանկանա. «Կգա ժամանակ, երբ ոչ բոլորը կկարողանան ձեռք բերել»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ եթե նախորդ իշխանությունների ժամանակ ասողներ կային, որ եթե միս չեք կարողանում ուտել, կարտոֆիլ կերեք, հիմա դա՞ էլ հնարավոր չի լինելու ուտել, նա այսպես արձագանքեց. «Հիմա ուրիշ բան կուտեն: Բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ բարձր են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում