«Փաշինյանը հիմա էլ Իրանին է գցում». Իսակ Յունանեսյան

«Փաշինյանը մի քանի օր առաջ Լիտվայում հայտարարեց, որ Իրանի դեմ որևէ խաղի մեջ չեն մտնի, դա խոսքով պետք է լիներ, և սա լավ առիթ էր, որ երբ Իրանն իր օդը փակել էր, Հայաստանը նման քայլի չդիմեր և իր արարքով ապացուցեր, որ Իրանի դեմ խաղի մեջ չի մտնի: Կարող էր գոնե մեկ ամիս սպասել, նոր այս թույլտվությունը Ադրբեջանին տալ: Կարծում եմ՝ ինչպես միշտ, Փաշինյանը սրան գցել է, նրան գցել է, հիմա էլ այդ խոսքով և այդ արարքով Իրանին է գցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 օրվա մեջ Իրանի կողմից բավականին դրական ազդակներ են եղել, ակտիվացել են նաև Հնդկաստանն ու Չինաստանը, ռուսներն էլ լռում են, և ըստ Յունանեսյանի՝ եթե Հայաստանում մի վարչակազմ լիներ, որ ճիշտ գնահատեր այս իրավիճակը, կարող էր ամենաբարձր մակարդակով այս առիթից օգտվել, և միանալով Իրանին, Հնդկաստանին և Չինաստանին՝ կարող էր տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարցերը լուծել:

«Բայց ոնց որ Հայաստանը դեռ ուշքի չի եկել և Իրանից եկած ազդակներն այդքան լուրջ չի ընդունում»,- ընդգծեց նա:

Իրանի  Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին օրերս Twitter- ում գրել է, որ «Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու: Նրանք, որոնք այս ուղղությամբ չարաճճիություն էին արել, պետք է իմանան, որ մեզ համար որևէ փակ ճանապարհ չի մնա, բայց վառված կամուրջները չեն վերականգնվի»:

Վերոնշյալի առնչությամբ Իսակ Յունանեսյանը հետևյալն ասաց. «Իրանը բազմիցս ասել է, որ Սյունիքն իրենց կարմիր գիծն է: Դա միայն խոսքով չէ, Իրանը իր վերաբերմունքով էլ է փաստում դա: Ռոստամ Ղասեմիի հայտարարությունը հենց այդ կոնտեքստում եմ դիտարկում: Երեկ թե անցյալ օրը իր տեղակալն էլ եկավ Սյունիք և մոտիկից ծանոթացավ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին: Սա փաստում է, որ Իրանը լրջորեն է վերաբերվում նոր ճանապարհի կառուցմանը, դա իր համար շատ կարևոր է»:

Նա հիշեցրեց, որ Իրանի բարձրագույն զինվորական ղեկավարության կողմից հայտարարություն էր, որ եթե անհրաժեշտություն լինի, Հայաստանի կարծիքը չեն հարցնի և զորք կմտցնեն Սյունիք. «Իրանը նման քայլի կդիմի, եթե Հայաստանը միակողմանի որոշի միջանցք տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային»:

Իսակ Յունանեսյանը չի կարծում, թե Իրանը և Ադրբեջանն այս պահին ռազմական բախումների կգնան. «Իրանն ավելի շատ ատամ է ցույց տալիս Ադրբեջանին: Բայց բավականին բարդ և աննախադեպ լեզվակռիվ է՝ երկու երկրների քաղաքական և ռազմական գործիչների միջև: Ամենը կախված է Ադրբեջանի պահվածքից: Պետք է տեսնենք, թե Ադրբեջանն ինչ քայլեր կանի: Ի դեպ, Թուրքիան էլ օրերս հայտարարեց, որ եթե Ադրբեջանը և Իրանը գնան ռազմական բախումների, իրենք չեն խառնվի, միջնորդի դեր կխաղան: Նման ռազմական գործողություններ և բախումներ առաջիկայում տեղի չեն ունենա, բայց դարձյալ ամեն ինչ կախված է Ադրբեջանի պահվածքից»:

Տեսանյութեր

Լրահոս