Բաժիններ՝

Բայդենը պատվաստում չստացած ամերիկացիներին վտանգ է համարել ԱՄՆ-ի տնտեսության համար

Միացյալ Նահանգներում 67 միլիոն մարդ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում չեն ստացել, թեեւ դրա իրավունքը նրանք ունեն, կարող են վտանգ ներկայացնել ամերիկյան տնտեսության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

«Պատվաստում չստացածները ռիսկի են ենթարկում մեր տնտեսությունը, քանի որ մարդիկ տհաճությամբ են տանից դուրս գալիս: Մտածեք, նույնիսկ այնտեղ, որտեղ սահմանափակումներ չկան ռեստորաններ, մարզասրահներ եւ կինոթատրոններ այցելելու համար, մարդիկ դրանց չեն մոտենում, քանի որ վախենում են հիվանդանալ: Ես իմ ուժերի սահմաններում ամեն բան արել եմ, որպեսզի մարդիկ պատվաստվեն»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Իլինոյսի նահանգում: Նրա խոսքով՝ պատվաստում չստացած անձինք նաեւ չափից շատ են լցնում մեր հիվանդանոցները, անհետաձգելի օգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները: Նրանք զբաղեցնում են տեղերը, եւ սրտի նոպայով, քաղցկեղի ու այլ պատճառներով վիրահատության կարիք ունեցող մարդիկ չեն կարողանում բուժօգնություն ստանալ:

Նախագահն ասել է, որ այսօր 185 միլիոն ամերիկացիներ լիովին պատվաստվել են, պատվաստման իրավունք ունեցողների 75 տոկոսն ստացել է գոնե մեկ ներարկում: «Վերջին տվյալները ցույց են տալիս, որ լատինամերիկացիները, սեւամորթ ամերիկացիները, բնիկ ամերիկացիները եւ ասիական ծագում ունեցող ամերիկացիները ներկայում պատվաստվում են մոտավորապես այն նույն հաճախականությամբ, ինչ որ սպիտակամորթները»,-նշել է Բայդենը:

Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ավելի քան 44 միլիոն դեպք եւ ավելի քան 710 հազար մահ է գրանցվել հիվանդացածների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս