«Սյունիքում ադրբեջանցիներն ինտենսիվ և լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում». Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, ինչպես նաև իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ, այո, այդ ճանապարհին կան խոչընդոտներ: «Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ լավ է, որ իշխանական պատգամավորը գոնե ասում է, որ կան խոչընդոտներ, քանի որ նախկինում ասում էր, որ Սյունիքն անվտանգ է, և որևէ սպառնալիք չկա:
«Այսօր գոնե նա խոստովանում է, որ մեր հայրենակիցներն այդ նույն ճանապարհը հատելիս որոշակի խոչընդոտների են հանդիպում: Մեր հայրենակիցները ստիպված են որոշ ժամանակ սպասել, մինչև գալիս է ռուս սահմանապահը, և արդեն կուտակված շարասյունն ուղեկցում է մինչև այդ որոշակի ճանապարհահատվածի ավարտը: Այսինքն՝ մեր հայրենակիցները հատկապես նման եղանակային պայմաններում սպասում, սառում են, մինչև ռուս սահմանապահը գալիս, նրանց ուղեկցում է: Երեկ էլ եմ հայտարարել, որ ադրբեջանցիներն ինտենսիվ և լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Նախորդ անգամ մենք տեսաք, որ երբ շինարարական աշխատանքներ էին կատարում, դրանից հետո Որոտանի հատվածում հայտնվեց, այսպես ասած, մաքսակետը: Թե հիմա այդ շինարարական աշխատանքների արդյունքում ինչ կլինի, և դա նոր ինչ սպառնալիքներ ու մարտահրավերներ իրենից կներկայացնի, մենք դրանից տեղյակ չենք»,- նշեց Աննա Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի, այս իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար էին հրավիրում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում, սակայն այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել:
«Ես կարող եմ ենթադրել, որ նրանք կամ գաղտնի ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել, կամ էլ ուղղակի չեն տիրապետում: Նշյալ ճանապարհի երթևեկության կազմակերպման, շահագործման անվտանգային երաշխիքների տրամադրման մասով հարցումներ եմ ուղարկել մի շարք գերատեսչությունների, սակայն բոլոր տեղերից անխտիր պատասխանել են, որ վերջինների լիազորություններից դուրս է այդ հարցերին պատասխանելը: Փաստորեն, մեր երկրում մեր հայրենակիցներն անցնում են մի ճանապարհով և չգիտեն էլ, թե այնտեղ երթևեկության ինչպիսի կանոններ պետք է լինեն: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց վերաբերյալ ես խելամիտ որևէ պատասխան չեմ լսել»,- շեշտեց Աննա Գրիգորյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ վերջերս մեկնել էին Գորիս, և ինքը չի տեսել, որ նրանք հատուկ անդրադարձ կատարեին այդ ճանապարհին ու դրա հետ կապված խնդիրներին: Բայց ենթադրելով հրապարակումներից, նրանք Գորիս էին գնացել ոչ թե այդ ճանապարհով, որտեղ ադրբեջանական անցակետն է դրված, այլ Տաթևի ճանապարհով: Այսինքն՝ այդ ճանապարհը չեն հատել, որպեսզի հասկանան, թե մարդիկ ինչպես են անցնում, վիճակը նորմա՞լ է, թե՞ լարված :
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում