Փաշինյանի հայտարարությունը ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում սեփական անհաջողությունները ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող և բարոյազուրկ փորձ է․ ՀՅԴ Իրանի Հյուսիսային և Հարավային շրջանների կոմիտեներ

ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Օրերս Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի խիստ փոքրաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու եւ անվանարկելու հերթական փորձն է կատարել։

Նրա թիրախում այս անգամ յայտնվել են ՀՅԴ Իրանի կառույցները։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, թե Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձեւավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին եւ պետականությանը։

Այս առիթով հարկ ենք համարում նշել.

– Հայ Յեղափոխական Դաշնակցության համար Հայոց պետականությունը եղել է, կա եւ կմնա որպես բացարձակ արժեք, որի ամրապնդմանը եւ անվտանգության ապահովմանն են ուղղված կուսակցության բոլոր կառույցների գործադրած ջանքերը։
– Այս դեպքում, որոշակիորէն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ՀՅԴ Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են եղել բացառապես հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը, բարգավաճմանն ու զարգացմանը։

Դաշնակցության մեծ ընտանիքն ընդհանրապես, իսկ ՀՅԴ Իրանի կառույցները՝ մասնավորապէս, քաջ գիտակցում են, թե հայ-իրանական հարաբերություններն ինչպիսի առանցքային ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նկրտումներին դիմակայելու եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման, ինչպես նաեւ՝ ուժերի հարաբերակցության ու հավասարակշռության ապահովման գործում։

Հիշեցման կարգով պետք է նշենք, որ ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների վարած անորոշ եւ ձախողված արտաքին քաղաքականությունը, տարբեր տրամաչափի եւ նշանակության ներկայացուցիչների չմտածված հայտարարությունները եւ, մասնավորապէս, 44-օրյա պատերազմի նախօրեին Իրանի տարածաշրջանային գլխավոր հակառակորդի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կտրուկ բարձրացնելու չմտածված փորձը միանշանակորեն հարվածել են հայ-իրանական հարաբերություններին՝ հարցականի տակ դնելով այն, ինչը, որ ձեւավորվել էր անցյալ 30 տարիների ընթացքում։

Այնպես, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում սեփական անհաջողություններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող եւ բարոյազուրկ փորձ։

Հավաստիացնում ենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Դաշնակցության Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են լինելու բացառապես Հայոց պետականության ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերի ու անվտանգության ապահովմանը»։

Տեսանյութեր

Լրահոս