Փաշինյանը կպայթեցնի կա՛մ իր իշխանությունը, կա՛մ Հայաստանը. Արտակ Զաքարյան
Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 25-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ խոշոր չարաշահումներ թույլ տալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ ձեռք են բերվել անորակ հրթիռներ, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս։
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԱԾ-ն տարածեց մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ ավելի քան 2 մլրդ դրամ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, իսկ օրվա ընթացքում Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- ասել էր Հարությունյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պաշտպանության նախկին փոխնախարար, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադառնալով այս քրեական գործին, մի կողմ թողնելով իրավական բաղադրիչը, ուշադրություն սևեռեց առավելապես հարցի քաղաքական կողմի վրա։
«Այս գործն ունի քաղաքական մաս, որովհետև իշխանությունը փորձում է ձեռք բերված այդ սպառազինության մասով ողջ մեղքը բարդել նախկին իշխանության վրա։ Շոուները շարունակվում են, որովհետև դրանք մեխանիզմ են, որով իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղում է պետության առաջ ծառացած շատ ավելի լուրջ սպառնալիքներից։ 2018 թվականից հետո նմանատիպ շոուներով հասարակության ուշադրությունը շեղեցին Արցախի շուրջ ձևավորված պատերազմի սպառնալիքից, հետո հասարակությանը կանգնեցրեցին պատերազմի առաջ, հետո պատերազմի ընթացքում նույն շոուներով ձախողեցին պատերազմի կառավարումը, հիմա մեղքեր են բարդում բանակի ու զինվորականների վրա, որ ստացվի՝ Նիկոլն ու իր շրջապատը մեղք չունեն, մեղավոր են բոլորը։ Սա ձեռագիր է, որը շեղում է մարդկանց ուշադրությունը՝ Հայաստանին պարտադրվող նոր ցավալի զիջումներից»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Հարցին՝ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) կողմից մատակարարվող ապրանքների որակի հետ կապված նախկին իշխանության պաշտոնավարման ընթացքում արդյո՞ք խնդիրներ եղել են, և նման դեպքերում ի՞նչ է արել իշխանությունը, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ, երբ նախորդ իշխանության համար պարզվել է, որ այդ ընկերությունից 2011 թվականին ձեռք բերված սպառազինության՝ հրթիռների մի մասն ունի որակի հետ կապված խնդիրներ, քայլեր է ձեռնարկել։
«Ձեռք բերված ապրանքի մի փոքր մասը եղել է պիտանի։ Այն ժամանակ իշխանությունը շատ էժան գին է վճարել դրա համար, իսկ այն մասը, որը, պարզվել է, որ անպիտան է, այդ հատվածի համար որևէ լումա չի վճարվել։ Մատակարար ընկերությանն ասվել է, որ այն ետ տանի, բայց քանի որ այդ պահին տեղափոխման հետ կապված հարցեր են առաջացել, այդ անորակ ապրանքն ի պահ է տրվել՝ մինչև մատակարարն այն տանի։ Ի պահ տրվածը մնացել է մինչև 2018 թվականը, սակայն, ըստ ԱԱԾ հաղորդագրության, պարզվում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ ավելի թանկ գնով այն գնվել է և օգտագործվել է, հետևաբար, հիմա թող բարի լինեն, պարզեն՝ ինչպես է 2011 թվականին ոչ նպատակահարմար ճանաչված զինամթերքը հայտնվել զինված ուժերի սպառազինությունում 2018 թվականին և ինչու է դրա դիմաց վճարում կատարվել»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Հարցին, թե հաշվի առնելով այն, որ երբ Սերժ Սարգսյանը մի քանի տարի առաջ դատարանի բակում հայտարարեց՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դրան հաջորդեց Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախորդ իշխանության ժամանակ 42 միլիոն դոլարի անպիտան զինամթերք է գնվել, սակայն այդ հայտարարությունից հետո տարիներ անց չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, արդյո՞ք Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի շուրջ ընթացող զարգացումները նույն հանգրվանին չեն հասնի, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանի բոլոր նմանատիպ հայտարարությունների վրա կարելի էր լավ ծիծաղել, եթե մեր վիճակն այսչափ ողբերգական չլիներ։ Մեր իշխանության ժամանակ, երբ ձեռք է բերվել այդ զինամթերքը, ունեցել է խնդիրներ, սակայն բոլոր այն մասնագետները, որոնք իրենց մասնագիտական կարծիքն են տվել դա գնելու համար, մեր իշխանության ժամանակ ենթարկվել են պատասխանատվության, իսկ Փաշինյանի օրոք այդ գործը մատնվել է մոռացության, և չկա դատավճիռ, հետևաբար՝ ո՞ւմ էր խաբում Փաշինյանը։ Սա նրա ձեռագիրն է՝ մեղավոր է փնտրում, բայց, ի վերջո, գոյություն ունեն փաստեր, որոնց հետ կռիվ տվողները միշտ պարտվում են։ Փաշինյանը ճիշտ կանի՝ հիմա որևէ անմիտ հայտարարություն չանի, իզուր, մեղադրանք չտարածի և զբաղվի պետության առաջ սպառնալից մարտահրավերներով, հակառակ դեպքում Փաշինյանը կպայթեցնի կա՛մ իր իշխանությունը, կա՛մ Հայաստանը. մենք ամեն ինչ պետք է անենք, որ իր իշխանությունը պայթեցնենք, որ Հայաստանը չպայթի»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում