Բաժիններ՝

«Ես գիտեմ՝ դու միշտ մոտ կլինես ու ականջիս կասես՝ ինչպես պահեմ ու դաստիարակեմ Արմանին. միայն դու էիր նրա լեզուն հասկանում…». Անահիտ Սիմոնյան

Երեկ ողբերգականորեն կյանքից հեռացած 48-ամյա երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահը ցնցել է ողջ հայությանը՝ երկրի ներսում թե դրսում:

168.am-ն արդեն իսկ անդրադարձել է հայտնի մշակութային, հասարակական-քաղաքական ու արվեստի գործիչների, մարզիկների, տարբեր զբաղմունքի տեր այլ մարդկանց սրտի ցավին սիրելի երգչի ու պարզապես լավ մարդու մահվան կապակցությամբ:

Չի դադարում իր սրտի խոսքն իր երեխայի հոր, ամուսնու հանդեպ սոցցանցային էջում արտահայտել նաև երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ հերթական գրառմանը կցելով մի նոր տեսանյութ՝ Հայկոյի և որդու մասնակցությամբ:

«Ես գիտեմ՝ դու ինձ լսում ես… Ես գիտեմ՝ դու միշտ մոտ կլինես ու ականջիս կասես՝ ինչպես պահեմ ու դաստիարակեմ Արմանին… Քանի որ միայն դու էիր նրա լեզուն հասկանում… Դու մինչև վերջ հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ երկու երեխա ունես: Երբ մենք վիճում էինք, միայն դու էիր կարողանում մեզ հաշտեցնել, զանգում էիր ու ասում. «Ան, մեղմ եղիր, քնքուշ, գրկիր, սիրիր, համբուրիր նրան»:

Հետո զանգում էիր Արմանին, ասում՝ մաման ճիշտ է, գնա, գրկիր, համբուրիր մայրիկին, փոքրը դու ես, դու պետք է որպես տղամարդ՝ առաջին քայլն անես:

Չնայած իմ ու քո անձնական խնդիրներին, մենք միշտ միասին էինք, և այդ բաժանումը երբեք մեր հոգիները չբաժանեց. դու արթնանում էիր, ինձ էիր զանգում, ես արթնանում էի, քեզ էի զանգում, և մինչև քո կյանքի վերջին օրերը մենք զգում էինք, որ ավելի հարազատ որևէ մեկն այս աշխարհում չունենք իրարից բացի, ով կկիսեր մեր ուրախությունը կամ ցավը…

Ճիշտ նույն կերպ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում հավերժ սպի է դառնալու…

Ես չեմ կարող մեր երեխային նվիրել այն էմոցիաները, որոնք դու էիր նրան նվիրում, քանի որ ձեր կապն ուրիշ էր… դուք՝ որպես մի ամբողջություն, սիրում էիք իրար ու ինձ ձեռք առնում, որ ըհը, ես հիմա նորից կսկսեմ խանդել…

Երանի ես ողջ կյանքում ձեր երկուսի սիրո հանդեպ խանդով ապրեի, բայց քո ներկայությամբ…

Եթե ես կարողանայի քեզ ինչ-որ կերպ օգնել… Բայց չկարողացա… Ներիր ինձ, որ չկարողացա քեզ ինչ-որ բանով օգնել»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս