Ո՞ր ընտանիքներին կաջակցի կառավարությունը, և ի՞նչ մարտահրավերների են պատրաստվում առերեսվել իշխանությունները. Գործադիրն ընդունեց 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝ եկամուտների գծով` 2,005.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 2,188.4 մլրդ դրամ,   դեֆիցիտը՝ 242.2 մլրդ դրամ, Հայաստանի Հանրապետության համայնքների 2022 թվականի բյուջեները գնահատվում են՝  եկամուտների գծով՝ 183.0 մլրդ դրամ,  ծախսերի գծով՝  183.0 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի հանրագումարը կկազմի մոտ 350 միլիարդ դրամ:

Նախագիծը զեկուցող Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց՝  բյուջեի նախագիծը ձևավորվել է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի առաջնահերթությունների շուրջ և ներկայացնում է այն հիմնական ֆինանսական պլանը, որը պետք է երաշխավորի կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022 թվականին նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Մինչև տարվա գլխավոր ֆինանսական բովանդակությանն անդրադառնալը՝ նախարարը հակիրճ պարզաբանեց, թե ինչպես է կազմակերպվել բյուջետային գործընթացը.

«2022 թ. բյուջեի ծրագրավորումն ուղղորդվել է կառավարության գործունեության ծրագրի նպատակներով և առաջնահերթություններով,  և համապատասխանաբար գլխավոր ֆին. փաստաթղթում տեղ են գտել այն ծրագրերը և միջոցառումները, որոնք ուղիղ կապված են կառավարության գործունեության ծրագրով ամրագրված թիրախների հետ:

Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն 7 տոկոս տարեկան, հետևաբար՝ բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական նշանակության միջոցառումներն ընտրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում  լավագույն միջավայր ստեղծեն 2022 թ. և  հետագա տարիներին նշված տնտեսական թիրախին հասնելու համար:

Կառավարության ծրագիրը կարևորել է պետության ֆինանսական կարողությունների ավելացումը և դրա հետ կապված հարկային եկամուտների զգալի ավելացման  քաղաքականությունը: 2022 թ.  պետական բյուջով սահմանված հարկային եկամուտների նպատակադրումը դրա արտացոլումն է:  Նախատեսվում է, որ տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է բարելավվի շուրջ  0.9 տոկոսային կետով և 2022 թվականի ավարտին հասնի ՀՆԱ 23.4 տոկոսին:

Բյուջեի ծրագիրն ուղղակիորեն արտացոլում է  մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված՝ պետական պարտքը կառավարելի մակարդակի  երաշխավորելու առաջնահերթությունը: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրվող ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման կարևոր նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար  փոխառությունների ներգավման արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի մոտ 3.3 տոկոսը, իսկ պետական պարտքը՝ տարեվերջին ՀՆԱ 60.2 տոկոսը»:

Ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի ծրագրեր մատնանշեց, որոնք, ըստ նրա, նշանային նշանակություն ունեն բյուջեի համար. «Ուզում եմ հատկապես կարևորել ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու ծրագիրը, որը պիտի մեկնարկի 2022 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան ընտանիքում կստանա կառավարության աջակցությունը մինչև վեց տարեկանը՝ ամսական 50 հազար դրամի չափով:

Հաջորդ ուղղությունը՝ մենք այս տարի մեկնարկել ենք, և հույս ունեմ, որ 2022 թվականին ծավալները կլինեն արդեն կարգով՝ ավելի դպրոցների և մանկապարտեզների շինարարության, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագրի մասին է, և ես ուզում եմ պայմանավորվենք, որ երբ մենք ընդհանրապես խոսում ենք որևէ կրթական հաստատության ստեղծման, կառուցման մասին, պետք է նկատի ունենանք ոչ միայն շենք-շինությունը, այլև բովանդակությունը:

Ենթակառուցվածքների զարգացման առումով պետք է ընդգծեմ ջրամբարաշինության մեկնարկը և, իհարկե, պիտի կարևորեմ Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը»:

Ինչպես պատերազմից հետո պարբերաբար, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփեց  տարածաշրջանում խաղաղության էջ բացելու գեղեցիկ տեսլականով:

«Կառավարությունն ամենևին էլ չի ուզում շրջանցել այն մարտահրավերները, որոնք առկա են, ընդհակառակը՝ մեր տրամադրվածությունն է՝  առերեսվել այդ մարտահրավերներին, զբաղվել այդ մարտահրավերների լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և  տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս