«Կառավարության աշխատանքը՝ 2-ն էլ է շատ դրանց, 0 կգնահատեի, Նիկոլին էլ՝ իրենց հետ…»․ արմավիրցի ֆերմեր
«Նիկոլ, պողպատե մանդատից ես խոսում, արի տեղում ծանոթացի, տես ինչ է, ոնց է, ի՞նչ արդյունքի ենք հասել մենք․ մենակ էս դաշտում մի քանի միլիոնի վնաս են տվել միայն ինձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, ֆերմեր Սամվել Լալազարյանը, որը դեռ գարնանից էր ահազանգում, որ ոռոգման ջուր չեն հատկացնում, ինչի հետևանքով ամբողջ մշակաբույսերը չորանում են։
Տասնյակ տարիներ հողագործությամբ զբաղվող Սամվելն այսօր սկսել է սոխի բերքահավաքը, ասում է՝ նախորդ տարիների համեմատ՝ բերքը երկու անգամ պակաս է, պատճառը քիչ ջրելն է, ոռոգման ջուրը ժամանակին չէին տալիս․
«Վարձակալված հողեր են, գարնանից մշակել ենք, հիմա բերքահավաքի պրոցեսն է, ժողովուրդն աշխատում է։ Իհարկե, նեղություն շատ ենք քաշել՝ ոռոգման ջրի հետ կապված, ուրիշ նեղություն չկա, դա էլ կապված է Կառավարության սխալ աշխատանքի հետ, եթե ջրով չեն ապահովում, ուրմեն Կառավարությունը նորմալ չի աշխատում, արդյունքում՝ տուժում է հողատերը։
Սպասված բերքը մենք չենք ստացել, դա ջրի պակասի հետևանքն է, եթե այս սոխը պետք է լիներ 3-4 անգամ ավելի մեծ, ջուր չլինելու պատճառով՝ մանր է։ Իսկ որ ասում են՝ հատուցում-մատուցում ենք տալիս, դրանք ձևական բաներ են, ոչ մի հատուցում չե՛ն տալիս, ոչ մի հարցում չե՛ն օգնում․․․»։
Սամվելը մի քանի գլուխ սոխ վերցրեց ձեռքն ու ասաց․
«Սրանք եվրոպական հիբրիդներ են, եթե ջուրը նորմալ լինի, մինչև 80 տոննա էլ ապահովում ենք, ես մինչև 65 տոննա ստացել եմ, եթե ջուրը նորմալ լիներ, 65-70 տոննա պետք է ստանայինք, բայց այս վիճակով անգամ 30 տոննա չենք ապահովում, կրկնակիից շատ վնաս ենք կրել, բայց ո՞ւմ վեջն է, ո՞վ է հետաքրքրվում, ոչ մեկը»։
Հողօգտագործողը մեկ անգամ ևս իր դժգոհությունն արտահայտեց այսօրվա իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ, ասաց, որ նրանց խոստումներն ու աշխատանքն իրար չեն համապատասխանում․
«Նիկոլ, գունագեղ տոնակատարություն ես անում, հլը արի տես՝ արժի՞ էդ գունագեղ տոնակատարությունդ կատարես, թե՞ չէ, սազո՞ւմ է էդ գունագեղ տոնակատարությունդ քո հասած ցուցանիշներին, իհարկե չի՛ սազում։ Մի հատ մտի ժողովրդի մեջ, տես՝ ինչ է կատարվում, ո՞վ է գոհ քեզնից, ո՞վ է դժգոհ քեզնից, դժգոհողից մի նեղացի, խորհուրդներ լսի, էդքան մեծամիտ չեն լինի, տղա ջան։ Դժգոհ ենք, իրենից էլ ենք դժգոհ, Կառավարության աշխատանքից էլ ենք դժգոհ, ինչքան շուտ ազատվենք իրենցից, այնքան մեր օգուտն է․․․
Կառավարության աշխատանքը եթե վերցնենք, 2-ն էլ է շատ դրանց, ես 0 կգնահատեի դրանց, Նիկոլին էլ իրենց հետ միասին, բոլորի աշխատանքը՝ 0, սրանք ազգային մտածողությունից հեռու մարդիկ են, ավելի լավ է հեռանան, թող նոր, հայրենասեր մարդիկ գան․․․»։
Հիշեցնենք, որ Հայաստանի, գրեթե բոլոր մարզերի բնակիչներն ամռան ամիսներին ահազանգում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորանում են։ Նրանք մի քանի անգամ ճանապարհ էին փակել, որպեսզի այդկերպ իրենց ձայնը լսելի դարձնեին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում