Անդրանիկ Քոչարյանն ընդդիմությանն Արթուր Ղազինյանից «ազատագրելու» պրոցես է սկսում

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր չորրորդ անգամ քննարկեցին և մերժեցին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը դիմելով հանձնաժողովի անդամներին՝ նշեց, որ օրակարգում կա մեկ հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը, որն արդեն չորրորդ անգամ է քննարկվում  և  գտնվում է  իշխանության պատասխանատվության տիրույթում։

«Իշխանությունն ընդիմությանը չի կարող պարտադրել փոխելու իր որոշումը, դա առնվազն կոռեկտ չէ։ Կայացրեք ձեր որոշումը, բոլոր հարցերը հնչել են, պատասխանները տրվել, բոլոր ելույթները հնչել են, հետևաբար, գոնե ես որևէ նոր բան չունեմ ասելու։ Ձեզ է պատկանում պատասխանատվությունը, հետևաբար՝ կայացրեք ձեր որոշումը և հրապարակեք, ես դուրս եմ գալիս»,- ասաց Արթուր Ղազինյանը և հանձնաժողովի նիստից դուրս եկավ։

Անդրանիկ Քոչարյանը նրա հետևից հարցրեց, թե  ո՞ւր է գնում, նրան արդեն ներկայացրել են, գուցե նրան հարցեր ունեն։

«Պարոն Ղազինյան, դուք լքում եք մարտի դաշտը, խրամատը։ Ինքը հիմա շանտաժի մեջ մեղադրում է իշխանություններին, բայց սա կոնսենսուսի գործիք պետք է լիներ։ Կա՛մ բերեք նոր թեկնածուի, կա՛մ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությունը չի կարող իր մեջ ևս մեկ թեկնածուի գտնել, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերի՞ն եք, ինչ է, ձեզ ազատագրենք, ինչ անենք, ազատագրման պրոցես ենք սկսում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին առաջարկեց ներկայացնել իրենց թեկնածուին։

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմությունն իր քայլն արդեն արել է և իր թեկնածուին ներկայացրել, որոշումն այսօր իշխանությանն է: Դրանից հետո Տիգրան Աբրահամյանն էլ   դուրս եկավ հանձնաժողովի նիստից՝ նշելով, որ մնալու իմաստ չկա։ Նրան հետևեցին նաև ընդդիմադիր մյուս պատգամավորները։

Տեսանյութեր

Լրահոս