Համայնքների խոշորացման նախագծի մեջ ես տեսնում եմ ուղղակի քաղաքական միտումնավոր նպատակ. Հակոբ Ավետյան
ԱԺ-ում այսօր ընթանում էին ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի կամ, ինչպես հանրությանն է հայտնի, համայնքների խոշորացման վերաբերյալ խորհրդարանական լսումները: Նախագծի համաձայն՝ 2017թ. արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը կմիանա Վարդենիս համայնքին: Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե համայնքի խոշորացման նպատակը քաղաքական է:
«Ես, լինելով Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար, նշեմ, որ Գեղամասար համայնքը ձևավորվել է 2017թ.: Այդ ժամանակ ժողովրդի առաջարկով կառավարությանը առաջարկվեց այդ մոդելը և ընդունվեց կառավարության կողմից: Այս չորս տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ են լուծվել: Նախ նշեմ, որ Գեղամասար համայնքը՝ իր 18 բնակավայրերով, ունեցել է սովորական խմելու ջրի խնդիր, որն անընդունելի է եղել այդ ժամանակահատվածում: Այս չորս տարիների ընթացքում մենք կարողացել ենք այդ խնդիրները գրեթե լուծել, ջրի առումով՝ համարյա 90%-ը, բոլոր գյուղերն արդեն ունեն: Եվ մենք արդեն կարողացել ենք այդ խնդիրների լուծման հունը գտնել, և հերթականությունը, առաջնահերթությունները, և, գնալով այդ ուղղությամբ, մենք ունեցել ենք շատ մեծ հաջողություններ: Իսկ այժմ նորից Գեղամասար համայնքը, որ ուզում է խոշորացվի, ուղղակի ես դրա նպատակը չեմ կարողանում հասկանալ, քանի որ, եթե մի համայնք արդեն ունեցել է իր հաջողությունները, կարողացել է իր կառավարման տարիներին բարձր արդյունքներ ցույց տալ… ես այս խոշորացման մեջ տեսնում եմ ուղղակի քաղաքական միտումնավոր նպատակ, որը ոչ մեկը չի կարող ժխտի, որովհետև բոլորիս պարզ տեսանելի է: Եվ դա առաջացել է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններում ես ունեցա իմ քաղաքական հայացքը, սատարեցի «Հայաստան» դաշինքին: Չնայած այժմ տեսնելով մեր այս սահմանային իրադարձությունները, ես իմ տեսակետի մեջ ավելի եմ հիմնավորվում, որ ճիշտ եմ արել»,- ասաց Հակոբ Ավետյանը:
Ավետյանի խոսքով՝ եթե այս ամենի մեջ քաղաքական նպատակներ չեն, ապա պետք է հանրությունը տեղեկանա, որ Գեղամասար համայնքը կարող է խնդիրների առաջ կանգնել, քանի որ համայնքի 18 գյուղերն ունեն 80 կմ սահմանային հատված՝ իրենից բխող խնդիրներով:
«Այդ խնդիրներին տիրապետելու համար նախ պետք է մարդ կարողանա ապրել Կութ գյուղում, Նորաբակում, Սոթքում կամ մնացած այլ սահմանային գյուղերում, որպեսզի կարողանան տիրապետել այդ պրոբլեմներին, այդ վտանգը զգան: Իսկ եթե չեն ապրում այդտեղ, գոնե խոր քննարկումներ անցկացնեն այդ բնակավայրի բնակիչների հետ… Շատ ցավալի է, որ ոչ մի կարծիք, ոչ մի հանրային քննարկում չի անցկացվել ո՛չ համայնքի ղեկավարի, ո՛չ էլ բնակիչների հետ, և դա տեղիք է տալիս, որ նորից նշեմ՝ դա ունի քաղաքական նպատակներ»,- նշեց Ավետյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի 18 գյուղերի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը և պահանջում էին, որպեսզի Կառավարությունը համայնքների խոշորացման նախագծով Գեղամասարը չմիացնի Վարդենիս համայնքին։ Ճանապարհը փակած գյուղացիների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ էր եղել, երբ գյուղացիները հրաժարվել էին բացել ճանապարհը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում