Վահրամ Բաղդասարյանը հերքում է, Մուրադ Մուրադյանը` լռում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ երեկ «Ռենեսանս» ռեստորանում իր և ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ինքը հարվածել է Մուրադյանի ծնոտին:

Ավելի վաղ tert.am-ին Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ իր և Մուրադյանի միջև կոնֆլիկտ կամ անհամաձայնություն չի եղել: Միաժամանակ Վահրամ Բաղդասարյանը նշել էր. «Կարող ա՝ սեղանի շուրջ կենացներ ենք խմել, կենացներին անհամաձայնություն լինի, դա կոնֆլի՞կտ է»:

168.am-ը պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ, կենացների հետ կապված ի՞նչ անհամաձայնություն է եղել իր և Մուրադ Մուրադյանի միջև, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ինքը մի կենաց էր առաջարկում, ես մի ուրիշ կենաց էի առաջարկում»:

168.am-ը պարող Բաղդասարյանին առաջարկեց հանդիպել` լուսանկարելու կամ տեսագրելու համար: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինքն այսօր Վանաձորում է, և խոստացավ հանդիպել վաղը:

Մինչ Վահրամ Բաղդասարյանը հերքում է, որ իր և ՀՀԿ-ական գործընկերոջ միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որևէ կերպ հնարավոր չէ կապ հաստատել Մուրադ Մուրադյանի հետ: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, նշված տեղեկություններն առնվազն իրականությունից հեռու չեն: Այլապես Մուրադյանն ինքը պետք է շահագրգիռ լիներ՝ հնարավորինս արագ կապ հաստատել և ապացուցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Տեսանյութեր

Լրահոս