«Որևէ մեկը չի կարող պնդել, որ Նիկոլը Հայաստանի վարչապետն է և աշխատում է Հայաստանի բարօրության համար․ նա աշխատում է Ադրբեջանի ու Թուրքիայի բարօրության համար». Թուրքագետ

Սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով եղել էր Վրաստանում։ Այցից հետո որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած այցի ժամանակ մի քանի ժամով անհետացել է, նրա գտնվելու վայրի մասին չեն իմացել նույնիսկ անվտանգության աշխատակիցները, և ըստ որոշ տեղեկությունների, նա այդ ընթացքում հանդիպել է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։ Այս ամենի վերաբերյալ կառավարությունից որևէ հերքում չեղավ։

Սեպտեմբերի 15-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:

«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Թեև Նիկոլ Փաշինյանի խոսնակն իր հարցազրույցում ասել էր, որ այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն քարոզում է հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու օրակարգը։

Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիայից եկող հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն  արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել էր նա։

168.amի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը և հարցին՝ ի՞նչ նպատակ է նա հետապնդում՝ բացահայտելով Փաշինյանի գաղտնի մեսիջները, պատասխանեց, որ Էրդողանն այդ ամենը բացահայտել է, քանի որ վաղ թե ուշ  այդ մասին իմանալու են։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այդ ամենի մասին լռում է, նշանակում է, որ ինչ-որ նպատակներ ունի, որի մասին այսօր չի ուզում բարձրաձայնել։ Էրդողանը շատ մեծ հույսեր ունի Փաշինյանի հետ կապված, ավելին՝ արդեն խոսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Մենք շատ լավ գիտենք՝ այս ամենն ինչ է նշանակում, քանի որ 30 տարի շարունակ Թուրքիան նախապայմաններ է ունեցել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Եթե այսօր Էրդողանն անձամբ արդեն խոսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, նշանակում է, որ այդ ամենին հասնելու են»,- նշեց Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանի ու Էրդողանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման փուլն արդեն ավարտված է, ինչն էլ նշանակում է, որ Էրդողանը պետք է ընդունի Փաշինյանի առաջարկները։

«Հավանական է, որ ավելի ցածր մակարդակներով հանդիպումները եղել են, պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հիմա խնդիրն արդեն հասել է ամենաբարձր մակարդակի հանդիպումներին։ Եթե Նիկոլը ոչ բացահայտ Էրդողանի հետ հանդիպման ցանկություն է հայտնել, և եթե Էրդողանն այդ ամենը բացահայտել է, նշանակում է, որ նրանք առաջ կգնան»,- հավելեց թուրքագետը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի շահագրգռվածությանը՝ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, Տիրան Լոքմագյոզյանը նկատեց.

«Համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի գործակալ է, որը եկել է Հայաստանը քանդելու ու կազմալուծելու։ Կարծում եմ՝ նա Արևմուտքի գործակալ է, նույնիսկ Թուրքիայի հայտարարություններից երևում է, որ նա Նիկոլի արած քայլերից անակնկալի է գալիս։ Նիկոլ Փաշինյանն Արցախը վաճառեց, հիմա հերթը հասել է Հայաստանին, և այժմ Թուրքիային տրվելու է այն, ինչի մասին 30 տարի երազում ու ցանկանում էր՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում և «միջանցքի» տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ դա կլինի Մեղրիո՞ւմ, թե՞ այլ վայրում։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ Նիկոլը Հայաստանի վարչապետն է և աշխատում է Հայաստանի բարօրության համար։ Պարզ երևում է, որ նա աշխատում է Ադրբեջանի ու Թուրքիայի բարօրության համար, և դա մեր շահերին հակառակ է»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս