Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը. ՀՀ և ՌԴ փոխվարչապետներ
«Մենք այսօր իրականացնում ենք մի միջոցառում, որը մեծ նշանակություն ունի մեր տնտեսության համար. խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՀՀ-ի և ՌԴ-ի առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանելուն»,- այսօր՝ Երևանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ֆորումը մասնագիտական ու խորը քննարկում է ենթադրում:
Հարցին, թե ի՞նչ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար ճանապարհների ապաշրջափակումը, որի շուրջ բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ փոխվարչապետների մակարդակով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ասել, որ ճշգրիտ հաշվարկներ և ծավալների աճ հնարավոր է այս պահին կանխատեսել, մի քիչ դժվար կլինի, որովհետև կա երկու հանգամանք, որոնք դեռևս հետազոտման կարիք ունեն.
Առաջին հանգամանքն այն է, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում, և այդ իմաստով՝ ինչ էֆեկտ կունենա ապաբլոկադավորումը՝ ակնհայտ է, որ դրական էֆեկտ կունենա, բայց ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակել հետազոտել, բայց անկհայտ է, որ կունենան դրական էֆեկտներ»:
Նույն հարցին ի պատասխան՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասաց. «Աշխատանքային խումբը գործում է, վերջին՝ 7-րդ հանդիպումը եղել է օգոստոսի կեսերին Մոսկվայում: Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:
Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց ակնհայտ է, որ ապաշրջափակումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտան զգալիորեն նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման համար, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև»:
Անդրադառնալով գազի գնի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են:
«Ես առայժմ հնարավոր չեմ համարում որևէ բան ասել, որովհետև իրականում այս պահին ընթանում են բանակցություններ, ես դեռ հնարավոր չեմ համարում սահմանին գազի գնի մասին որևէ բան ասել»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ բանակցությունների արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ։
Հիշեցնենք` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում ասել էր, որ բանակցություններն ընթանում են հիմնականում գազի գնի պահպանման շուրջ, և ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխան վստահեցրել էր նաև, որ այս տարվա ընթացքում գազի գնի փոփոխություն չի լինի:
Հիշեցնենք նաև՝ «Armenian Business Forum-2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է: