Ինչո՞ւ է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ վերցրել իր հրաժարականի դիմումը

Երեկ տեղակացանք, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի իր դիմումը:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ մարզպետը ուղերձով դիմել էր մարզի բնակիչներին՝ ասելով․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»:

168.am-ը մարզպետի հրաժականի օրը նրանից հետաքրքրվել էր որոշման պատճառների մասին: Նա նշել էր. «Աշխատանքից հոգնել եմ. ես 60-անց մարդ եմ»:

Այս անգամ մարզպետին հարցրինք հրաժարականից հրաժարվելու պատճառների մասին՝ հիշեցնելով իր նախորդ՝ աշխատանքից հոգնելու մասին մեկնաբանությունը:

«Հետո զգացի, որ ամեն մարդ հոգնելով՝այս երկրի խնդիրները չի կարող… Եթե մարդը մտածում է՝ ինքը կարող է ինչ-որ մազի չափ օգուտ տալ այդ երկրին, ուրեմն պետք է շարունակի աշխատել»,- ի պատասխան՝ նշեց նա:

Քանի որ մարզպետի հրաժարականից հետո լրատվամիջոցներում շրջանառվում էին նրան փոխարինողների անունները, մասնավորապես նշվում էր, որ հավանական փոխարինողը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածաշրջանային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Ռազմիկ Թևոնյանին հարցրինք՝ իշխանությունների ծրագրերը փոխվե՞լ են, հավաստի ե՞ն այդ տեղեկությունները. «Նման բան չկա»:

Տեսանյութեր

Լրահոս