«Կոնկրետ պատճառ չկա. աշխատանքից հոգնել եմ. 60 անց մարդ եմ». Ռազմիկ Թևոնյանը՝ իր հրաժարականի մասին

Երեկ հաստատվեցին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հրաժարականի մասին լուրերը: Արարատի մարզպետարանն այսօր արդեն հրապարակեց արդեն նախկին մարզպետի ուղերձը, որում նա, սակայն, անդրադարձ չի կատարել իր հրաժարականի պատճառներին.

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»:

168.am-ը Ռազմիկ Թևոնյանին խնդրեց անդրադառնալ հրաժարականի պատճառներին, նա ի պատասխան՝ նշեց, որ չի ուզում դեռևս մեկնաբանություններ տալ, սակայն վստահեցրեց. «Կոնկրետ պատճառ չկա»:

– Առանց պատճառի ուղղակի որոշել եք դիմո՞ւմ գրել:

– Աշխատանքից հոգնել եմ. ես 60-անց մարդ եմ:

– Ոչ մի քաղաքական պատճառ չկա՞, պարոն Թևոնյան:

– Չէ, չէ, նման բան չկա: Ուղղակի որ նման բաներ են գրում, անիմաստ՝ օրինակ, Տիգրանաշենի հարցը. չի՛ կարելի, ինչի՞ են նման բան անում:

– Իսկ ձեր բիզնեսով կզբաղվե՞ք:

– Անպայման, ինչի՞ մասին է խոսքը:

Նշենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին: Նա անկուսակցական է, աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի պահածոների գործարանից: Մինչև Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։

 

Տեսանյութեր

Լրահոս