Բաժիններ՝

Ավելի քան 100 երկրների շրջանում Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը լավագույն տասնյակում է

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոններ կան աշխարհի ավելի քան 100 երկրներում: Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնադրման աշխատանքները սկսվել են 2009թ., իսկ կենտրոնը սկսել է իր աշխատանքները արդեն 2011թ. մայիսին:

Այս կարճ ժամանակահատվածում, սակայն, Հայաստանում գործող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն ընդգրկվել է աշխարհում ավելի քան 100 երկրներում գործող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնների մեջ լավագույն 10-յակում: Սա «Մայքրոսոֆթի» ներքին գնահատականն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնը մշտապես մասնակցում է «Մայքրոսոֆթի» բոլոր ստրատեգիական հանդիպումներին ու քննարկումներին, որոնք կազմակերպվում են լավագույն տասնյակի շրջանում:

Ըստ Ե. Հյուսյանի՝ այս մեկուկես տարիների ընթացքում Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի իրականացրած երկրարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներին մասնակցել են շուրջ 1600 ծրագրավորողներ, տվյալների բազաների հետ աշխատող մասնագետներ, ցանցային ադմինիստրատորներ և այլք:

Կարդացեք նաև

«Ներկայումս այդ մասնագետների մոտ 80%-ն աշխատում է, իհարկե, սակայն, պետք է նկատել, որ նրանց մեջ կան մասնագետներ, ովքեր արդեն իսկ աշխատում էին, պարզապես ծրագրերն ավարտելիս՝ նրանք նաև որոշակի կարիերային աճ են գրանցել»,- ասաց Ե. Հյուսյանը: Նրա խոսքով՝ մասնագիտական դասընթացների անցկացումը կենտրոնում կարևորվում է հատկապես այն հանգամանքով, որ ներկայումս մի շարք խոշոր միջազգային տեխնոլոգիական ընկերություններ ցանկանում են մուտք գործել Հայաստան, հատկապես այն բանից հետո, երբ Սիլիկոնային հովտում բացվեց ՏՏ գրասենյակ:

Ե. Հյուսյանի տեղեկացմամբ, վերապատրաստումից բացի, այս ընթացքում իրենք կազմակերպել են նաև մի շարք մրցույթներ, որոնք ուղղված են նորարարական և տեխնոլոգիական նոր լուծումների բացահայտմանը, ինչը խթանում է հատկապես երիտասարդների շրջանում նորարարական գաղափարների տարածումը:

«Այս առումով կարևոր է հատկապես այն, որ, օրինակ՝ հայ երիտասարդները հատկապես հեռախոսային հավելվածների օնլայն մրցույթում, որը կազմակերպել էր «Մայքրոսոֆթը», հայ ուսանողները երկրորդ տեղն են գրավել տարածաշրջանում»,- ասաց Ե. Հյուսյանը՝ նշելով, որ նմանատիպ մրցույթները բերում են նաև ծառայությունների և առաջարկների ներկայացման որակի բարձրացման:

«Հայաստանը ապագա որակյալ կադրերի մեծ ներուժ ունի, հատկապես ծրագրավորման ոլորտում, ուստի անհրաժեշտ վերապատրաստումը, մեր և նաև այլ կենտրոնների կողմից իրականացվող ծրագրերը կադրերի իմաստով լուրջ զարգացում կարող են ապահովել»,- ասաց Ե. Հյուսյանը:

Նրա տեղեկացմամբ, 2009թ. մինչ օրս Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ստեղծման ծրագրի համար ներդրվել է մոտ 800 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս