Արցախ բառով հանձնաժողովի ստեղծմանը ձեռնպահ քվեարկելով՝ իշխող մեծամասնությունն իր վերաբերմունքը ցույց տվեց Արցախի վերաբերյալ. Աղվան Վարդանյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ձեռնպահ քվեարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ շատ անսպասելի չէր Պետաիրավական հանձնաժողովում Արցախ բառով հանձնաժողով ստեղծելուն ձեռնպահ քվեարկելը։
«Բայց ենթադրում էի, կարծում էի, որ այս հարցի վերաբերյալ մեր գործընկեր ՔՊ-ական պատգամավորները շատ ավելի ինքնուրույն կլինեն, քան նախապես որոշել էին։ Ձեռնպահն ընդհանրապես վատ սովորություն է, ցանկացած հարցում մարդ պետք է կարողանա դիրքորոշում ունենալ՝ կողմ կամ դեմ, ձեռնպահ լինելը լավ բան չի ասում մեր գործընկերների դիրքորոշման և այլնի մասին։ Նախորդ արտահերթ նիստից հետո, ոչ հրապարակային բազմաթիվ հարցեր քննարկել էինք, այդ թվում՝ նուրբ հարցեր՝ հիմնականում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Հետաձգել էինք քննարկումը՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, և նախագիծը լրամշակել էինք՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որոնք կային։ Ես կուզեի, որ մեր գործընկերները լինեին ավելի սկզբունքային և կոճակ սեղմողի հոգեբանությամբ չառաջնորդվեին այս հարցի պարագայում։ Կարծում եմ՝ արդեն վստահ եմ, որ եթե հարցը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, ՔՊ-ն դեմ է քվեարկելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը։
Նրա դիտարկմամբ՝ ըստ այդմ էլ ունելու է պատկերը, թե իշխող թիմն ինչպես է վերաբերվում Արցախի հիմնախնդրին։
«Հաջորդ քայլը շատ ավելի դժվար է լինելու անել ՔՊ-ի համար, ես կուզեի, որ նրանք դադարեին մեկ մարդու թելադրանքով առաջնորդվել և ունենալ սեփական համոզումները և սկզբունքները։ Ես առնվազն հորդորում եմ մեծամասնությանը լրջորեն մտածել և ավելի լուրջ քննարկել այս կարգի հարցերը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում