Արցախցի 6000 աշակերտի կրթական իրավունք մնում է խախտված․ Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 108 դպրոց
Այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ-ի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը շնորհավորական ուղերձներ են հղում ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում խոստանում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում են կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Բայց ոչ մի խոսք, թե 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում և ինչ-որ առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատճառով Արցախի Հանրապետության քանի վերանորոգված և վերանորոգման սպասող դպրոց և մանկապարտեզ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, որոնց շենքերը թշնամին վերածում է զորամասերի:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը 168.am-ին հայտնեց, որ ներկա պահին օկուպացված կամ բռնազավթված է 108 դպրոց, ինչի պատճառով 6000 աշակերտ հարազատ դպրոցում չի դիմավորել նոր ուսումնական տարին, 1617 ուսուցիչ առանց աշխատանքի է մնացել:
«Բռնազավթված դպրոցներում մնացել է 618.000 կտոր գիրք, 11 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ահռելի հսկայական ենթակառուցվածքներ: Բռնազավթվել է նաև 17 մանկապարտեզ: Եվ մինչև հիմա, ըստ էության, խախտված է մնում 6000 աշակերտի կրթական իրավունքը»,- նշեց նախարարը:
168.am-ի տեղեկություններով, միայն Քաշաթաղի շրջանից Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 52 դպրոց և 5 մանկապարտեզ: