«Ապագա չկա՛, թուրքը չի թողնում՝ հանգիստ մեր տները մնանք»․ թշնամին գիշերը կրակել է Կութ գյուղի վրա

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը երեկ կրկին հայտնվել էր ադրբեջանցի զինվորականների թիրախում, տասնյակ տների վրա կրակահերթ էր արձակվել:

Կութի բնակիչներից Զմրուխտ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցներ ամեն օր էլ հնչում են, և, որ սովորական են դարձել բնակիչների համար, ապա պատմեց թշնամու երեկ գիշերվա սադրանքների մասին․

«Երեկ կեսօրին կրակոցներ կար, թեթև էր, ժամը 13։30-ից իրենք 1-2 անգամ կրակեցին, դե, միշտ կրակոցներ լինում է, էնպես չի, որ չի լինում, բայց թեթև էր։ Իրիկունը երեխեքին տարա բաղնիք, որ ոտքերը լվացնեմ, գմփոց լսեցի, հելա դուրս, տեսա՝ էլի կրակում են, բայց լույսերը չի արձակվում, լույս չի երևում։ Մի հատ էլ մտա տուն, իմ կիսուրին ասի՝ վայ, էլի կրակեցին, ասեց՝ բոլ ա, ի՞նչ ես բան անում, կրակոց չկա, հելանք դուրս, տեսանք ի՞նչ, արդեն չափ ու սահմանից անցել են, լույսեր է, որ գալիս են գյուղի վրա։ Զանգել եմ իմ հոպարի տղին, ասեցի՝ ինչ կլինի, ամուսինս տունը չի, արի, որ, եթե մի բան լինի՝ երեխեքին գյուղից հանենք, երեխեքին տանես, ես մնամ ստեղ»։

Մինչև ուշ գիշեր թշնամին կրակել է գյուղի վրա, պատմում է Զմրուխտ Գևորգյանը.

«Մինչև ժամը 02։30 կրակոց են արձակել, դե, տների վրա է գնացել․ երեկվա կրակոցներն ահավոր էին․․․ Հետո 03։15 երկու հատ էլ գմփցրին, հետո էլ չկրակեցին, մինչև առավոտ։ Չուր մկա, հլը կրակոցի ձեն չկա։ Եթե կրակոցներն իրիկունն էլի շարունակվի, վիճակը գնալով լարվի, ես երեխեքին ստեղ դպրոց էլ չե՛մ ուղարկի, գյուղից էլ կհանեմ արդեն։ Եթե պետք է չհետևեն էս գյուղին, ժողովուրդը հանգիստ չմնան իրանց տները, էլ ինչի՞ եմ մնում ստեղ ես, հանուն ինչի՞, ես մնում եմ, որ իմ երեխեքի ապագան լավ լինի, բայց որ ապագա չկա, թուրքը չի թողնում հանգիստ մեր տները մնանք, մնում ենք ի՞նչ անենք։ Էլ հնարավոր չէ ստեղ ապրել, ստեղ ապագա չկա՛, ոնց նայում ենք, ստեղ կյանք չկա»։

Բայց չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկու ամիս առաջ անընդհատ կրկնում էին՝ կա՛ ապագա, Կութի բնակիչը մեր այս դիտարկմանն այսպես արձագանքեց․

«Որ լիներ, սենց չէր լինի, իրիկունը իմ 3 երեխեք կայնուկ տեղը դողում էին, որ կրակոցների լույսերը գալիս էին գյուղի մեջը․․․ Ինչի՞ն ապագա կա, նստենք սպասենք, տենանք՝ թուրքը երբ է գալու դռները տփի, ասի՝ հելեք դուրս տների՞ց։ Չէ՜, ապագա չկա, ես․․․»։

Կութի հարևանությամբ Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը ևս մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց տան բակից պարզ տեսանելի են եղել ադրբեջանցիների արձակած կրակոցները.

«Ժամը 22։00-ի կողմերը Կութ գյուղի սահմանի վերևում կրակում էին ազրբեջանցիք»:

Արմենը անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանություններն են․

«Իշխանությունը չի՛ մտածում ռայոնների, գյուղի, մանավանդ էս գյուղերի համար, վաբշե չի մտածում, թե էս ժողովուրդն ի՞նչ պետք է անեն, ի՞նչ պետք է չանենք, իրենք իրենց Ազգային ժողովում նստած, ստեղ ժողովուրդը միշտ խուճապի մեջ են, վախը կա ամեն վայրկյան, ամեն րոպե վախը կա․․․ Ես ուզում եմ, որ իրենք գան, հելնեն թուրքի դեմ կանգնեն  ու պաշտպանեն, իրենց երեխեքին թող բերեն ստեղ ապրեն, տենան՝ ո՞նց է վիճակը, ի՞նչ է կատարվում, սկի մի րոպե, մի վայրկյան չեն մնա ստեղ»։

Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն  էլ 168.am-ի հետ զրույցում հաստատեց գյուղացիների փոխանցած տեղեկությունը, ապա որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Մինչև ժամը 23։00-ն տևել է կրակոցները, մեկ լռում էին, մեկ էլ սկսում էին արդեն կրակ թափել գլխներիս։ Տների հենց կրիշներին է կպել, պատին, լուսամուտի կողքին, բնակելի տներ են, դրսում էլ է բնակիչ եղել, 2 ախպեր կանգնած, երկուսի արանքով փամփուշտն եկել է անցել՝ պատը քերծել, ընդամենը 2 մետրի հեռավորություն չկար»,- ասաց գյուղապետը, ապա հավելեց՝ բարեբախտաբար վիրավորներ չկան, միայն 10-12 տան տանիք է վնասվել։

Հարցին՝ ռուս սահմանապահներն ի վերջո տեղակայվեցին Կութում, քանի որ դեռ նախորդ ամիս Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումն օրերի հարց է․

«Ոչ, գալիս-գնում են, մեկ տեսնում ենք՝ իրենց ավտոները բարձրացան, մի քանի ժամից հետո մեկ էլ տեսնում ենք՝ իջան, բայց իրենք այստեղ սահման չեն պահում, մեր հայ զինվորներն են․․․»։

Ի դեպ, դեռ հունիսի 5-ին ադրբեջանցիները կութեցիների 80 անասուն էին գողացել, ՀՀ իշխանությունները խոստացել էին փոխհատուցել, բայց  Սիմա Չիտչյանն մեզ հետ զրույցում ասաց, որ փոխհատուցում այդպես էլ չեն ստացել, և, որ հույս էլ չունեն։

Տեսանյութեր

Լրահոս