Բաժիններ՝

«Եթե չեմ սխալվում` գոյություն ունի նաև չմոնտաժված տարբերակը, որը եթե եթեր գնար` Շաքեի համար լավ չէր լինի». Ավետ Բարսեղյան

Վերջին օրերին շատերի քննարկման նյութն է դարձել «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» նախագծի ընթացքում մասնակիցներից Շաքե Մովսիսյանի և ժյուրիի անդամ, շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանի միջև առաջացած տհաճ ընդհարումը: Ինտերնետը` սոցիալական ցանցերը ողողվեցին Ավետ Բարսեղյանին պահվածքի համար դատապարտող մեկնաբանություններով: Ավետ Բարսեղյանը «X Factor» նախագծի ժյուրիի մշտական անդամ չէ, այդ օրը նա փոխարինում էր երգիչ Անդրեին: Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում Շաքեի ելույթը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատեց Ավետը` նրա ելույթն իր համար «ձանձրալի» անվանելով: Ի դեպ, «168 Ժամի» հետ զրույցում Ավետն ինքն իրեն հակասում էր. Մի կողմից նա նշում է, որ սիրում է, երբ ինքը սիրված է լինում հասարակության կողմից, բայցև ասում է, թե հասարակության կարծիքն իր համար կարևոր չէ: Մեր հարցերին պատասխանում է Ավետ Բարսեղյանը

– Երգերի բառեր ես գրում, շոումեն ես, հաղորդումներ ես վարում: Աշխատանքդ բազմաժանր է, կա՞ մի ոլորտ, որտեղ դու կարողանում ես լիովին ինքնարտահայտվել:

– Երևի թե իմ կյանքում ինչով որ զբաղվում եմ, դրանք բոլորն էլ իմ ինքնարտահայտման ձևերից են: Բոլոր տեղերում էլ ես եմ: Հեռուստատեսություն, ռադիո, երգերի բառեր: Չեմ կարող ասել, թե որտե՞ղ եմ ես, բայց կարծում եմ, որ ռուսերեն պոեզիա գրելիս եմ ես առավել մոտ կանգնած ինքս ինձ: Մի ասպարեզ, որը բացի իմ ընկերների նեղ շրջանակից, ոչ ոքի հասու չէ: Ամեն տեղ ես եմ և ամեն տեղ մի կերպարով եմ հանդես գալիս:

– Այլ կերպ ասած` դեր ես խաղում:

Կարդացեք նաև

– Այո՛, դերեր են: Ուղղակի դերեր, որոնք պետք է խաղալ:

– Որտե՞ղ դեր չես խաղում:

– Հիմա քեզ հետ զրուցելիս, իմ ընտանիքում, մտերիմներիս շրջապատում:

– Ի՞նչ ես կարծում, եթե դեր չխաղաս, հանրությունը քեզ կընկալի՞ որպես Ավետ Բարսեղյան:

– Ինձ իսկապես շատ քիչ է հետաքրքիր հանրության ընկալման, ինձ սիրելու կամ չսիրելու գործընթացը: Ես շատ եմ սիրում, որ ինձ սիրում են, բայց որևիցե կերպ դիտավորյալ ոչինչ չեմ անում, որ ինձ սիրեն: Եթե մի պահ կանգ առնես ու սկսես հավաքել սեր-«չսերը», ապա կարելի է պարզապես դադարել ապրել: Ես, բնականաբար, շատ եմ սիրում, որ ինձ սիրում են:

– Չե՞ս կարծում, որ հենց հանրությունն է արտիստին բարձրացնում կամ «գցում»:

– Նախևառաջ, ես իմ պատկերացումն ունեմ, թե ի՞նչ է հանրությունը: Թե՛ թևեր տվողը և թե՛ այդ թևերը խուզողը հանրությունն է: Հանրությունը, որպես դիտող, պետք է կամ հավանի, կամ չհավանի:

– Ո՞րն է քո պատկերացրած հանրությունը:

– Հանրությունն ինձ համար դարձյալ տարբեր է: Կախված` վայրից: Օրինակ, Հանրային ռադիոյի ունկնդիրն ինձ համար շատ ուրիշ է, առավել խելացի, ըմբռնող է: Հեռուստադիտողները լրիվ այլ են, իսկ սիրո երգեր լսողները նրանք են, ովքեր սեր ունեն իրենց հոգում, կամ չունեն և պետք է ունենան: Տարբեր են: Կարծում եմ` հանրության թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքը կարևոր է, սակայն իմ կյանքում ես փորձում եմ այդ կարծիքներին տեղ չտալ:

– Ո՞ր մարդիկ են քեզ համար հետաքրքիր:

– Նայում եմ մարդու աշխարհայացքին, արդյո՞ք այդ մարդն այլ կերպ է տեսնում կյանքը, ալտերնատիվ ունի՞, թե՞ տեսնում է այնպես, ինչպես հրամցնում են:

– Ալտերնատի՞վ, այսի՞նքն:

– Երկրորդական, երրորդական պլանի երևույթներ տեսնողներն են, նրանք, ովքեր տեսնում են ոչ միայն այն, ինչ իրենց են հրամցնում, այլ այն, ինչ կա հրամցվածից մի քիչ ներքև:

– Մարդկանց մեջ ի՞նչն ես կարևորում:

– Իմ ընկերական շրջապատն այնքան տարբեր է, որ երևի թե կարևորում եմ ինքնատիպությունը: Տանել չեմ կարողանում միջակությունը, միջին ռեգիստրի վրա ապրող մարդկանց:

– Միջինն ռեգիստր ասելով` ի՞նչ ես հասկանում:

– Ալիքներ չունեցող մարդկանց: Կամ շատ տաք պետք է լինեն, կամ շատ սառը: Միջինը իմը չէ, այդ տեսակն իմ գնացքի վագոններից չի եղել…

– Դու ինքդ ինչպիսի՞ն ես:

– Ես շատ հակասական եմ: Ես չեմ կարող միանշանակ ասել` տաղանդավո՞ր եմ, թե՞ տգետ, լա՞վն եմ, թե՞ վատը:

– Վերջին շրջանում հասարակությունը քեզ մուգ գույներով է բնութագրում…

– Ես իրականում շատ շնորհակալ եմ իմ հասցեին սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում և այլն) այլանդակ բաներ գրողներին, ինձ պախարակողներին և ևս մեկ անգամ ասում եմ, որ սոցիալական կայքերում չկամ, բայց գիտեմ, որ շատ վատ բաներ են գրել: Ուզում եմ, որ գրեն և իրենց միջից հանեն գրամոլությունը: Հեշտ է կայացած մարդու հասցեին, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, էքսպերիմենտներ անել:

Մեղադրում են ինձ, որ ես մարդուն ճնշում եմ: Այդ ամենն անում են իմ դեմ և գովերգում են իրենց արածը: Համենայնդեպս, դեղին մամուլ է ձևավորվում, որն ինձ համար բնավ կարևոր չէ: Չնայած ասեմ, որ առաջին մի քանի օրը մտածում էի, թե ինչո՞ւ չհասկացան այն, ինչ ասվեց և կատարվեց: Այս երեխան, որի շուրջ հավաքվել են շատ բարի մարդիկ, բացարձակ թույլ ու անպաշտպան չէ, ու չեմ կարծում, որ «ձանձրալի» եզրը կարող է կոտրել նրան: Նա բավական ագրեսիվ և առաջ գնացող երեխա է: Հարցը նրանում է, որ մեր հեռուստատեսային դաշտում էլ է ձևավորվում գնահատելու, դատելու կուլտուրան:

Կոնկրետ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և անում եմ դա «փիս ձյաձյայի» կերպարով: Չնայած ասեմ, որ «Սուպերսթարի» ժամանակ ես շատ ավելի խիստ եմ եղել: Չեմ կարծում, որ Շաքեին ձանձրալի ասելն ու հետո նրան կարգի բերելը պետք է այսքան քննարկումների առիթ հանդիսանար: Այս քննարկումներն ուղղակի ինձ համար փոթորիկ են` մի բաժակ ջրում: Ես չեմ կարծում, որ այդ երեխային ես վնասել եմ կամ քար եմ գցել նրա ճանապարհին: Ես միայն ուրախ կլինեմ, եթե գա մի օր, ու Շաքեն դառնա համաշխարհային աստղ: Ես միայն դրանից ինձ լավ կզգամ և կամաչեմ, որ համաշխարհային մեծության այդ աստղի կատարումն ինձ ժամանակին ձանձրալի է թվացել:

– Ժյուրիի 3 անդամներն «այո» ասացին, և դու` քո «ոչ»-ի հետ միասին, մնացիր մենակ, դա քեզ չկաշկանդե՞ց:

– Զարմացա` ճիշտն ասած: Զարմացա, որ կոլեգաներս ասացին` «այո»: Ասացին նաև, որ մարդկային որակն իրենց համար կարևոր է, բայց, այնուամենայնիվ, «այո» ասացին: Ես վաղուց արդեն հեռուստատեսության ոլորտում ոչնչից չեմ զարմանում: Ինձ զարմացնելը բավական դժվար է: Ես երբեք չեմ վախեցել ինչ-որ բան ասելուց, իմ կարծիքն արտահայտելուց: Վախը երբեք իմը չի եղել: Ես երբեք չեմ ընդունել հանուն հասարակության կամ հանուն ինչ-որ բանի տաշված լինելը:

– «Սուպերսթարն» աշխարհում հայտնի ծրագիր է, որն ունի իր կանոնները: Ըստ քեզ, դուք` ժյուրիի անդամներդ, հետևո՞ւմ եք այդ կանոններին:

– Ես միայն իմ անունից կարող եմ խոսել, որ շոուն ապահովելու համար ես ոչինչ առավել չեմ անում: Ժյուրիի անդամն իրավունք ունի մասնակցի երգն ընդհատել` ստոպ տալ, խոսել, կարծիք արտահայտել: Նույն` Միացյալ Նահանգներում ապրում է Սայմոնը, ով բոլորի աչքի գրողն է: Նա հայտնի է իր սուր արտահայտություններով: Ես դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ Սայմոնին հասնելու համար: Ես զարմանում եմ անբան և անգործ մարդկանց վրա: Լինել այս չափի անադեկվատ և չհասկանալ այն, ինչ կատարվում է` չեմ հասկանում…

– Մասնակից աղջիկը` Շաքեն, դժգոհել էր, թե նյութը եթեր գնալուց առաջ մոնտաժվել է: Դա այդպե՞ս է:

– Մոնտաժ կար, բնականաբար, բայց հօգուտ իրեն: Եթե չեմ սխալվում` գոյություն ունի նաև չմոնտաժված տարբերակը, որը եթե եթեր գնար` Շաքեի համար լավ չէր լինի:

– Եզրափակելով զրույցը, եթե Շաքեն, այնուամենայնիվ, մասնակցի նախագծի հաջորդ փուլերին, քո` նրա հանդեպ դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

– Իմ առաջ դրված չէ ծրագիրն իր ավարտին հասցնելու պարտականությունը: Ես մեկ օրով ընդամենը փոխարինում էի Անդրեին, բայց եթե անգամ իմ առջև դրված լիներ այդ խնդիրը, բնականաբար, ես նորմալ հարաբերությունների մեջ կլինեի Շաքեի հետ: Ես հո հիմար չե՞մ, որ մարդկանց մի խոսքով կամ մի քոմենթով բնութագրեմ ու այդպես շարունակեմ շփվել մարդկանց հետ: Աղջիկը եկել է, երգել է և վատ էլ չի երգել:

Հեռուստատեսային տարբերակում շատ ավելի լավ էր, և եթե ժամանակն էլ հետ տայի, միևնույն է, էլի ձանձրալի էր լինելու: Անգամ ծրագրից անմիջապես հետո ամեն բան արդեն անցել էր: Նա և իր մայրիկը մոտեցան ինձ, գրկախառնվեցինք, ու ամեն ինչ շատ լավ էր: Զարմանում եմ իսկապես, որ հետո Շաքեն որոշել է, որ պետք է պատերազմ հայտարարի ինձ կամ «Շանթ» հեռուստաընկերությանը: Փաստորեն, իսկապես ագրեսիա կար այդ աղջկա մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս