«Հարսնաքարի» ամառային սրահը չի տեսանկարահանվել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց գործով վկա «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրեն, ռեստորանային համալիրի սեփականատեր Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը: Վկային հարցեր ուղղեցին գործով տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը:

Տուժողների ներկայացուցչի հարցերը հիմնականում վերաբերում էին ռեստորանային համալիրի աշխատանքների կազմակերպմանը: Վկան ասաց, որ դեպքի օրը ռեստորանային համալիրում աշխատել են հրավիրված մատուցողներ ու երաժիշտներ, բայց հրավիրված անվտանգության աշխատակիցներ չեն եղել:

Պաշտպանական կողմը բազմիցս առարկեց այն հարցերի դեմ, որոնք վերաբերում էին համալիրի աշխատակիցներին ու աշխատանքներին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն էլ ասաց, որ նման հարցերի նպատակը միայն այն անձանց բացահայտումն է, ովքեր կարող են տեղեկություններ հաղորդել դեպքի և դեպքի մասնակիցների մասին: Վկա Զոհրաբյանը նշեց, որ «Հարսնաքար» համալիրն աշխատում է առավոտյան 11-ից և մինչև գիշերը ժամը 24:00-ն: Ըստ «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանի՝ անվտանգության աշխատակիցները համազգեստ չեն կրում, բայց նրանց չի թույլատրվում աշխատանքի ներկայանալ սպորտային հագուստով:

2012-ին համալիրը, վկայի խոսքով, ունեցել է անվտանգության 4 աշխատակից: Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ չափանիշներով են նրանք ընտրվել աշխատանքի: Պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, թե այս պահին կարևոր չէ՝ ի՞նչ հանգամանքներում են նրանք աշխատանքի ընդունվել` որպես անվտանգության աշխատակիցները: Վահե Գրիգորյանն էլ նշեց, որ տուժող կողմի ներկայացուցիչները հստակ դիրքորոշում ունեն, որ նրանք համալիրի «անվտանգության աշխատակիցներ են դարձվել»: Հետևաբար, ըստ նրա՝ նման հարցերն ուղղված են այդ հանգամանքները պարզելու համար:

Կարդացեք նաև

Ի պատասխան, վկա Զոհրաբյանն էլ նշեց, թե «անվտանգության աշխատակից դարձնել» արտահայտությունն իրեն այնքան էլ դուր չի գալիս: Նա նաև ասաց, որ համալիրի աշխատակիցների պայմանագրերը՝ որպես տնօրեն, ինքն է ստորագրում, բայց ինքը չի տեսել, որ գործով ամբաստանյալները ստորագրեն իրենց աշխատանքային պայմանագրերը, սակայն գիտի, որ հենց նրանք են ստորագրել այդ պայմանագրերը: Հրաչյա Զոհրաբյանի խոսքով` ամբաստանյալներից 4-ն անվտանգության աշխատակիցներ են ընտրվել, քանի որ բնակվել են Ավանում, «չեն խմել, ֆիզիկական համապատասխան տվյալներ են ունեցել, կարողացել են հարթել կոնֆլիկտային իրավիճակները»:

Պաշտպան Եգորյանի հարցին՝ արդյոք համալիրի անվտանգության աշխատակիցները նախկինում աշխատե՞լ են Հայրապետյան ընտանիքին պատկանող այլ ընկերություններում, Հրաչյա Զոհրաբյանը պատասխանեց, որ չգիտի՝ մինչ համալիրում աշխատանքի անցնելը նրանք Հայրապետյաններ ընտանիքի հետ առնչություն ունեցե՞լ են, թե՞ ոչ: Ըստ վկայի՝ նրանք «ազատ եղած ժամանակ երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հարցին՝ արդյոք վկան հայտնո՞ւմ է այն, ինչ գիտի, թե՞ իրեն ուղղորդում են, վկան պատասխանեց. «Բացարձակ» ինձ ուղղորդող մարդ չկա, հայտնում եմ այն, ինչ գիտեմ, ինչ լսել եմ»:
«Զանգահարել եմ դեպքի օրը Հայրապետյան Ռուբենին և հայտնել եմ, որ դեպք է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների միջև»,- ասաց վկա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ռուբեն Հայրապետյանը դա իմանալով՝ զայրացել է: Հարցաքննության ընթացքում վկան նաև պատմեց, որ անցյալ տարվանից համալիրի տեսանկարահանումը պատշաճ չի իրականացվել, և, որ ամառային սրահն առհասարակ չի տեսանկարահանվել:

Տուժողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հարցաքննվող վկային խնդրեց հրապարակել գործով մեղադրյալների հեռախոսահամարները, որոնց միջոցով նա կապ է հաստատել նրանց հետ: «Կատեգորիկ դեմ եմ»,- ասաց գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը՝ նշելով, որ այժմ իր հեռախոսն իր հարազատների մոտ է, և ինքը չի ցանկանում, որ այսքան մարդկանց ներկայությամբ հրապարակվի իր հեռախոսահամարը:

Մյուս ամբաստանյալները ևս առարկեցին հեռախոահամարների հրապարակման դեմ:
Դատարանը սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նկատմամբ՝ վերջինիս՝ տեղից առանց թույլտվության խոսելու համար: Ամբաստանյալը հեռացվեց դատական նիստերի դահլիճից: Դատարանը դատական սանկցիա կիրառեց նաև ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ՝ նշելով, թե նա դատավարական պարտականությունները ոչ պատշաճ է իրականացնում:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը համապատասխան փաստաթուղթ էր ներկայացրել այն մասին, որ մասնակցում էր քննչական գործողության: Դատական հաջորդ նիստի ընթացքում կշարունակվի վկայի հարցաքննությունը. նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս