«Թշնամին զենքով-քանակով մեզ գերազանցում է, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի». Հայկ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայ Սարգսյանը երեկ իր խոսքում անդրադարձել էր դեռ ԱԺ ընդդիմության փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանի չծառայած լինելու փաստին, նշելով, որ ԱԺ նախագահն ու իշխանական 2 փոխնախագահները ծառայած են:

Իշխանական պատգամավորն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որն էր  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նման հարց ուղղելու պատճառը, ապա հավելեց, որ  պատասխանն իրեն բավարարել է.

«Ուղղակի Իշխան Սաղաթելյանին ներկայացնելուց պարոն Սեյրան Օհանյանը, ով նաև բանակի գեներալ է, չֆիքսեց բանակում ծառայել-չծառայելու  փաստը, այդ հանգամանքով պայմանավորված՝ հարց ուղղեցի»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ևս ծառայած չէ, այդ հանգամանքը շա՞տ է մտահոգում իրեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ Փաշինյանը այդ հարցի վերաբերյալ բազմիցս սպառիչ պատասխան է տվել, իսկ թե ո՞վ է որոշել, որ դա սպառիչ պատասխան է, պատգամավորը պատասխանեց՝ ես.

«Հանրության համար ևս միանշանակ սպառիչ էր. վարչապետը հայտարարել է, որ ազատվել է զինվորական ծառայությունից այն հանգամանքով, որ իր երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում, և այդ ժամանակ օրենքը հստակ ասում էր՝ այն քաղաքացին, ում երկու ավագ եղբայրները ծառայել են բանակում, օրենքի ուժով ազատվում է զինվորական ծառայության պարտադիր պահանջից: Սա բավարար չէ՞»:

Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ՝ օրենքն ասում  է, եթե անձն ունի գիտական աստիճան, նույնպես ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, Հայկ Սարգսյանն ասաց.

«Դրա համար ես ասացի, որ պատասխանը սպառիչ էր և հասկանալի էր: Բազմիցս դեպքեր են հայտնի, թե մարդիկ ինչպես են պաշտպանում ատենախոսություններ և ինչպես են ընդունվում ասպերանտուրա, և դա անում են մի բանի համար, որ բանակում չծառայեն… Այս թեման համարենք փակված»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորն ասաց, որ իշխանությունն իրենից կախված առավելագույնն անում է.

«Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կիլոմետրից սահման, որը հիմա կահավորված չէ և դա մեր իշխանության մեղքով չէ, որ կահավորված չէ. դա տարիների աշխատանք է: Բնականաբար, կոնֆլիկտներ լինում են, մեր Զինված ուժերն առավելագույնն անում են, որպեսզի դրանք հասնեն նվազագույնի, և մեր սահմանները լինեն անվտանգ: Դուք էլ գիտեք, որ թշնամին թե՛ զենքով, թե՛ քանակով մեզ գերազանցում է անգամներով, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս