Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ «Պատիվ ունեմ»-ն ամբողջ կազմով քվեարկելու է Իշխան Սաղաթելյանի օգտին
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի ընտրության երկրորդ փորձը ևս ձախողվեց, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց:
Հարցին՝ ի՞նչ հետևություններ եք անում, որ արդեն երկրորդ անգամ չեք ընտրվում ԱԺ փոխնախագահ, Իշխան Սաղաթելյանն այսպես պատասխանեց.
«Հետևությունները դուք արեք…»:
Ապա հավելեց, որ ընդդիմության մեջ որևէ տարաձայնություն չկա:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ վստահեցրեց, որ իրենց խմբակցության 7 անդամները 2 անգամ էլ կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը.
«Երրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, չորրորդ անգամ էլ ենք կողմ քվեարկելու, տասնհինգերորդ անգամ էլ կողմ ենք քվեարկելու…»:
Արթուր Վանեցյանի խոսքով, եթե իշխանություններն ուզում են՝ Ազգային ժողովը ձևավորվի և անցնի իր բնականոն աշխատանքին, պետք է ապահովեն ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովը նախագահ և իշխանության երկու փոխնախագահներ ընտրեց: Այսօր հերթը ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի ընտրությանն է, սակայն արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանը չի հավաքում բավարար ձայներ և, հետևաբար, չի ընտրվում ԱԺ փոխնախագահ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում