«Փոքր սադրանքներ են, պետք չի ամեն մի փոքր խնդրից գնալ առճակատման»․ Խաչատուր Սուքիասյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն։
Իշխանական պատգամավորի խոսքով՝ դա պետք է լինի ի նպաստ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների․
«Աշխարհի բոլոր երկրները, որոնք զարգացել են վերջին 100 կամ 50 տարում, բոլոր երկրները` որպես հարևաններ, եթե ունեն հարևան, իրենց համախառն ներքին արդյունքի մի բաժինն ընկնում է այդ հարևան երկրի հետ ունենալով կոոպերացիա, արտադրական տարբեր հզորությունների մուտք և ելք՝ արտահանում և ներմուծում, և Հայաստանի Հանրապետությունը շատ ծանր վիճակում է այդ մասով։ Թե ինչպիսի՞ հարևաններ կունենանք, եթե կունենանք դասական, ինչպես որ հարևանները պետք է լինեն, կարծում եմ՝ այդ դեպքում հնարավորությունները կստացվի, չե՛նք ունենա դասական, կունենանք՝ նախկինը, կտեսնենք՝ ինչ կլինի․․․»։
Հարցին՝ ի՞նչ տնտեսական հարաբերություններ պետք է լինեն թշնամու հետ, որը մայիսի 12-ից մտել է ՀՀ տարածք և սադրանքների է գնում, նա պատասխանեց․
«Խոսքը գնում է մի պետության մասին, որտեղ բնակվում է 3 միլիոնից ավելի մարդ, որն ունի 7 միլիոն սփյուռք, պետք է շատ կշռադատված լինել, շատ սառը դատել, և պետք չի ամեն մի փոքր խնդրից գնալ առճակատման, պատերազմների, նորից կորուստների գնալ։ Կարծում եմ՝ սրանք փոքր սադրանքներ են, այդ սադրանքները կվերանան, միջազգային կառույցներն իրենց հայտարարություններն արել են, բացի դա՝ մենք կունենանք սահմանազատման, սահմանագծման բոլոր գործիքները՝ միջազգային կառույցների օգնությամբ, մեր ռազմավարական գործընկերոջ մասնակցությամբ․․․»։
Դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով ՔՊ ցուցակում չընդգրկվելուն՝ նշել է, որ իր կարծիքով՝ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, և ըստ էության, նաև ձեզ է նկատի ունեցել, Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ ծանոթ չէ Ավինյանի գրառմանը, բայց և վստահեցրեց, որ դա իրեն չի վերաբերում․
«Երբ որ գրառմանը կծանոթանամ, այդ հարցը կտաք, կպատասխանեմ»։
Ճշտող հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի հետ այս հարցի վերաբերյալ քննարկում ունեցե՞լ եք, Խաչատուր Սուքիասյանն այսպես պատասխանեց․
«Ես Տիգրան Ավինյանի հետ ընդհանրապես զրույց չեմ ունեցել, Ես Տիգրան Ավինյանի հետ շփումներ չեմ ունեցել, բայց ցանկացած մարդ, ցանկացած քաղաքական գործիչ, պետական գործիչ կարող է կարծիք հայտնել, և ես շատ լավ եմ նայում ցանկացած մարդու արտահայտած կարծիքին։ Ես ունեմ իմ կարծիքը, իմ մտածելակերպը, իմ պատկերացումները․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում