«Կարող է սահմաններն անվտանգ չեն, բայց Հայաստանը ապահով է». Քաղաքացի․ հարցում

ՀՀ ինքնիշխան տարածքում մայիսի 12-ից 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա, թշնամին գրեթե ամեն օր դիմում է սադրանքների, ԱԹՍ-ներ է ուղարկում մեր տարածք, պատերազմից 9 ամիս անց մենք դեռ ունենում ենք զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարված մարդիկ: 168.am-ը Երևանի կենտրոնական փողոցներում հարցում անցկացրեց՝ պարզելու, թե արդյո՞ք մեր համաքաղաքացիներն իրենց ապահով են զգում Հայաստանում, արդյո՞ք անհրաժեշտ չափով պաշտպանված են մեր սահմանները:

«Այո, ապահով զգում եմ: Ես հավատում եմ իմ հզոր բանակին»,- ասաց անցորդներից մեկը:

«Իմ տարիքում որտեղ էլ լինեմ՝ ապահով եմ, հլը էլի պիտի ապահով լինե՞մ»,- ասաց ալեհեր մի տղամարդ:

«Ոչ, ապահով չեմ զգում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ապահով զգում եմ, չեմ կարող ասել՝ սահմաններն անվտա՞նգ են, թե՞ ոչ»,- ասաց մեր հարցման մասնակիցներից մեկը:

«Ես Ռուսաստանում եմ ապրում, բայց գտնում եմ, որ այս քաղաքն արդեն ապահով չէ: Մեր ղեկավարությունը վաբշե պիտանի չի»,- ասաց մի կին:

«Անպայման անվտանգ են: Կարող է այս րոպեին մի քիչ անվտանգ չլինի, բայց անպայման պետք է դառնա անվտանգ, որովհետև մենք՝ ժողովուրդս, պետք է կանգնենք ու ասենք, հասնենք նրան, որ անվտանգ լինի, ոչ թե մեկս մեկի սառոչկան ճղենք: Մենք հասնելու ենք մեր նպատակին, հայերը միշտ պայքարել են, պայքարում են և պայքարելու են: Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, պետք չի ամեն ինչ մեզ ասի, պետություն կա, պետական գաղտնիք կա, ամեն մեկը մի բան ասում է, ժողովրդի մեջ պանիկա է գցում, պետք է հասկանանք, որ պետություն կա, պետությունը հենց էնպես չի եկել՝ իր համար նստի ու սեմուչկա չռթի, եկել է ժողովրդի մասին մտածելու ու մտածում է»,- ասաց անցորդներից մեկը:

«Ես հանգիստ եմ, լավ է լինելու ամեն բան, կարող է՝ հիմա սահմաններն այդքան անվտանգ չեն, բայց հավատում եմ, որ Հայաստանը ապահով է»,- ասաց մի քաղաքացի:

«Ապահով զգում եմ: Սահմանների անվտանգությունը պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ, իշխանությունը պետք է որոշի, դա իշխանության հոգսն է, մենք ունենք բանակ, ունենք ՊՆ, դա իրենց ենթակայության տակ է, իրենք պետք է պաշտպանեն, որ պետք լինի՝ մենք էլ կպաշտպանենք»,- ասաց մի տղամարդ:

«Ես ամեն տեղ էլ ինձ ապահով եմ զգում, դա խելքից ա գալիս»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Իհարկե ապահով չենք զգում»,- ասաց մեկ ուրիշ անցորդ:

«Շատ ապահով եմ զգում: Հետպատերազմյան շրջանում սահմանային նման դեպքեր լինում են, բայց ես լիովին վստահ եմ, որ ամեն ինչ կապահովվի: Մենք հզոր տղաներ ունենք»,- ասաց մի կին:

«Այո, շատ ապահով ենք զգում, սահմանների անվտանգության մասին թող իշխանությունը մտածի, մտածում է»,- ասաց մի քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս