«Մեր հիմնական նպատակն այս ապաշնորհ, ապիկար, ազգադավ իշխանություններին հեռացնելն է». Արթուր Վանեցյան
«Մենք ամբողջությամբ միացանք «Հայաստան» դաշինքի մեր գործընկերների պահանջին և ասում ենք, որ՝ այո՛, պետք է ապահովել ապօրինաբար ազատությունից զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ եթե ԿԸՀ-ն դեռևս չընտրված պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից կամ թույլատրել է նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, դա հիմք չէ, որպեսզի արդեն ընտրված պատգամավորը, ով արդեն ստացել է պատգամավորական մանդատ, զրկված լինի ազատությունից:
«Թող բերեն Ազգային ժողով, նորից մտնեն միջնորդության և պահպանեն ՀՀ Սահմանադրությունը: Եթե առաջին իսկ օրվանից խախտվում է Սահմանադրությունը՝ սա մեզ որևէ լավ տեղ չի տանելու»,- ասաց Վանեցյանը, ապա հավելեց, որ իրենք ԱԺ նախագահ և տեղակալներ չեն ընտրի՝ մինչև այս խնդիրը լուծում չստանա:
Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք եկել են Ազգային ժողով աշխատելու, և ԱԺ-ն հարթակ է, որպեսզի հասնեն իրենց հիմնական նպատակին.
«Իսկ հիմնական նպատակն այս ապաշնորհ, ապիկար, ազգադավ իշխանություններին հեռացնելն է…»:
Անդրադառնալով ժամանակին իր կողմից արված այն հայտարարությանը, թե անցյալին վերադարձ չի լինելու, Արթուր Վանեցյանն ասաց, որ այսօր էլ նույն պնդումն է անում.
«Բոլորն են անցյալ, ներկան հիմա է, 10 րոպե առաջն արդեն անցյալ է… Էլի եմ ասում՝ անցյալին վերադարձ չի լինելու, նախկինին վերադարձ չի լինելու, չի կարող ուղղակի լինել։ Եթե կան վատ բարքեր, չի լինելու այդ բարքերին վերադարձ: Նախկինների գործած սխալները, որոնք շատ էին, և իրենք էլ են դրա մասին խոսել և խոստովանել՝ անդառնալի չեն, այսպես կոչված, նորերի սխալները, ցավոք սրտի, անդառնալի են…»: