Հունվարի 1-ից 10.000 ՀՀ քաղաքացի կդառնա գործազուրկ

Ո՞ւմ համար է գրվել «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքը
«Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից, մի շարք հակասություններից բացի, բավական փնթի փաստաթուղթ է:

Այս օրենքի մասին բավական կոշտ գնահատականներ են հնչեցրել ինչպես` իրավաբաններն ու փորձագետները, այնպես էլ՝ այս ոլորտում գործող պահնորդական ընկերությունների ներկայացուցիչները: Օրինակ, օրենքում այնպիսի դրույթներ կան, որոնք անուղղակիորեն փակուղու առջև են կանգնեցնում պահնորդական ծառայություն մատուցող ընկերություններին: Բանն այն է, որ օրենքի հեղինակներն օրենսդրական դաշտի կարգավորումը փաստաթղթի վրա ամրագրելով՝ հաշվի չեն առել դրանց կատարման համար պահանջվող պետական լծակների հնարավորությունները:

Ասվածն ապացուցելու համար մեջբերենք «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին օրենքի երկրորդ հոդվածը՝ «Թիկնապահական և պահնորդական գործունեություն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով»:

Այնուհետև նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

Կարդացեք նաև

Ընդ որում, այդ գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա, որը տալիս է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: Ընկերություններին լիցենզավորելու է ՀՀ ոստիկանությունը, իսկ պահնորդներին՝ ուսումնական կենտրոնները: Այսպիսով, հունվարի մեկից ուժի մեջ մտնող օրենքը պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը «տապալելու» է շատ պարզ պատճառով:

Այսօրվա դրությամբ որևէ ընկերություն և որևէ աշխատակից լիցենզավորված չէ, քանի որ հունվարի 1-ից նոր լիցենզավորում են ստանալու հենց ուսուցանող կենտրոնները: Համաձայն օրենքի՝ պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունները պարտավոր են հունվարի մեկից լիցենզավորվել, բայց, որպեսզի դրանք լիցենզավորվեն՝ նախ այդ ընկերությունները պարտավոր են լիցենզավորել իրենց աշխատակիցներին: Բայց որպեսզի աշխատողները լիցենզավորում ստանան, պարտավոր են 4 ամիս վերապատրաստվել հունվարի 1-ից լիցենզավորվող ուսումնական հաստատություններում:

Ստացվում է, որ պահնորդական ընկերությունները հունվարի 1-ից պարտավոր են դադարեցնել իրենց գործունեությունը, քանի դեռ նրանց աշխատակիցները 4 ամիս վերապատրաստվելուց հետո լիցենզիա չեն ստանա, որից հետո նոր արդեն ընկերությունները հնարավորություն կունենան լիցենզավորվել և օրինական դաշտում գործունեություն իրականացնել:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում շուրջ 10.000 քաղաքացիներ զբաղեցնում են այդ աշխատատեղերը, ապա լիցենզավորող մարմինն ի վիճակի չի լինելու 4 ամսվա ընթացքում վերապատրաստել և լիցենզավորել նման քանակությամբ մասնագետների:

Իրականում պահնորդական-թիկնապահական գործունեությունը մեծ շուկա է, որտեղ նաև խոշոր ռեսուրսներ են պտտվում: Ավելին՝ այն այլընտրանքն է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության: Մեր տեղեկություններով՝ ներկայումս Ոստիկանություն նույնիսկ որոշ բանկերի հորդորում է դադարեցնել պահնորդական ընկերությունների հետ պայմանագրերը, քանի որ հունվարի 1-ից նրանց գործունեությունը օրենքի հետ խնդիրներ է ունենալու: Արդեն տևական ժամանակ է՝ մեր խմբագրություն են զանգահարում մասնավոր «օբյեկտներում» պահնորդական-թիկնապահական աշխատանք կատարող մեր քաղաքացիները և խնդրում «օրենսդրական» այս մանիպուլյացիայի մասին բարձրաձայնել:

Օրինակ, մեզ ահազանգող պահնորդներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ասում էր, որ Ոստիկանության վերնախավում գտնվող մարդիկ հետաքրքրված են այս ոլորտով և մտադիր են դաշտը մոնոպոլիզացնել: Այսինքն՝ հունվարի 1-ից այս օրենքի միջոցով մասնավոր ընկերություններին կանգնեցնում են փաստի առջև, որպեսզի այդ աշխատատեղերը զբաղեցնեն Ոստիկանության պահպանության աշխատակիցները:

Շրջանառվում է ևս մեկ վարկած, համաձայն որի՝ Ոստիկանության պաշտոնյաներից մեկը ցանկանում է խոշոր պահնորդական-թիկնապահական մի ընկերություն ստեղծել և այս մեթոդներով փորձում է շուկայից հեռացնել մյուս ընկերություններին:
Այս մտահոգությունը, թերևս, կիսում են տարբեր հաստատություններում պահնորդական-թիկնապահական աշխատանք զբաղեցնող մեր քաղաքացիները:

«168 Ժամը» փորձեց այս օրենքի և պահնորդների ահազանգերի մասին պարզաբանում ստանալ պահնորդական ընկերություններից: «Պանտերա սիքյուրիթի» անվտանգության ծառայության հիմնադիր տնօրեն, Պահնորդային կազմակերպությունների համանախագահ Վահե Դարբինյանի հավաստմամբ՝ մինչ օրենքի ընդունումն այս ընկերությունները գործել են իրենց կանոնադրության և ՀՀ սահմանադրության հիման վրա: Միության մեջ ընդգրկված են 9 կազմակերպություններ, որոնցից մեկն` ուսուցանող, իսկ մյուսները՝ գործող պահնորդային կազմակերպություններ են:

Որոշ կազմակերպություններ այս շուկայում գործում են ավելի քան 12 տարի: Հայաստանում առկա խոշոր կազմակերպություններն օգտվում են մասնավոր այս պահնորդական ընկերությունների ծառայություններից՝ «Բիլայնը», «Վիվա Սելը», «Օրանժը», Ջրային տնտեսությունը, բանկային համակարգը, և այլն: «Ծառայություն է մատուցվում, որի ընթացքում առավելագույն ջանքեր ենք գործադրել, որ ոստիկանական ֆունկցիաները կատարենք օրենքի սահմաններում:

Այսինքն՝ իրականացվել է պաշտպանում և պահպանում»: Հայաստանում դեռևս գոյություն չունի պահնորդների կամ թիկնապահների «դպրոց» և այդ ընկերությունում ներգրավված անձանցից շատերը մասնագիտական հատուկ պատրաստվածություն չունեն: «Մեծամասամբ ոչ ուսուցանված մարդիկ են, բայց մեզ առայժմ պետք էլ չեն շատ ուսուցանված մարդիկ:

Ընկերության ընդհանուր անձնակազմի մեջ դա կարող է կազմել 5-10%: Եթե ընկերությունը 100 հոգանոց կազմ ունի, ապա 5-10%-ը պետք է պատրաստված, զենքին տիրապետող մարդիկ լինեն, մնացած այլ դեպքերում մարդիկ պահակի ծառայություն են մատուցում, որին այսօր անվանում ենք պահնորդ, որն ունի համազգեստ, նրա մեջքին կանգնած է կազմակերպություն, կա պատասխանատվություն, երաշխավոր, և այլն: Փոքր-ինչ հումորի վերածելով՝ կարող եմ ասել, որ նույն պահակ Վալոդ պապիկն է՝ լավ ծյունինգ արած:

Անձնակազմի մոտ 40%-ը ուսանողներ և թոշակի անցած մարդիկ են, ովքեր այդ աշխատանքով իրենց հանապազօրյա հացն են վաստակում»,- վստահեցնում է Վ. Դարբինյանը՝ ավելացնելով, որ Պահնորդների միության բոլոր անդամները մտահոգված են օրենքի այս դրույթներից, քանի որ դրանց կատարումն անհնար է իրականացնել համապատասխան ժամկետներում: Ի դեպ, Պահնորդների միության անդամ ընկերությունները նաև հարց են բարձրացրել օրենքի այն սահմանման վերաբերյալ, որով հստակ տարբերակում չկա թիկնապահի և պահնորդի միջև: Իրականում դրանք շատ տարբեր կագավիճակներ են՝ խիստ տարբեր գործառույթներով:

«Նրանց պատրաստվածությունը պետք է կատեգորիկ իրարից տարբերվի, որովհետև թիկնապահը պետք է շատ օպերատիվ, էթիկական պատրաստվածություն ունենա, պետք է երկարատև ուսուցում անցնի, բայց պահնորդին դա պետք չէ, նա նույնիսկ զենք չունի: Մենք առաջարկեցինք սահմանումները տարանջատել և նույն պահնորդների մեջ երեք տեսակ սահմանել: 1-ին տեսակի պահնորդը, մեր ասած՝ Վալոդ պապիկն է, որին սափրում ենք, համազգեստով կոկիկ ներկայացնում ենք, տալիս ենք համապատասխան ցուցումներ և հսկում ենք նրա աշխատանքը:

Երկրորդը՝ զենքեր կրող պահնորդներն են՝ գիշերային ակումբներում, ռեստորաններում և այլ օբյեկտներում աշխատող մարդիկ, որոնք հաճախ բախվում են միջադեպերի և ունենում են ինքնապաշտպանական՝ էլեկտրաշոկ սարքավորումներ, գազային, ոչ մարտական զենք, և այլն: Նրանք կարող են աշխարհում ընդունված 80 ուսումնական ժամ անցնելով՝ վերապատրաստվել: Եվ պետք է առանձնացնել այն պահնորդներին, ովքեր մարտական զենք կարող են կրել, և դրա համար նրանք կարող են պատրաստվել 2 ամսում»,- պարզաբանում է Վ. Դարբինյանը:

«Արարատբանկին» սպառնացել են հաշիվները հանել

Անդրադառնալով լիցենզավորման վիճահարույց խնդրին` Վ. Դարբինյանը հավաստիացնում է, որ միայն իրենց միության կազմում աշխատող 2500 պահնորդները շատ պարզ պատճառով չեն կարող 4 ամսվա ընթացքում լիցենզավորում ստանալ: Ուսումնական կենտրոններն այդ հնարավորությունը չունեն, որովհետև նրանք կարող են վերապատրաստել, ասենք՝ տարեկան 600 պահնորդների: Մինչդեռ մեր տեղեկություններով՝ ներկայումս շուտափույթ բացվել են մի քանի ուսումնական կենտրոններ, այդ թվում նաև՝ Ոստիկանությունն է ստեղծում մասնավոր, վճարովի ակադեմիա, որն առաջիկայում կիրականացնի մասնավոր ուսուցում: ՀՀ ոստիկանության այս քայլը շատ տարօրինակ է նույն ոլորտի ղեկավարների այն հայտարարությունների ֆոնին, որով պնդում են, թե ՀՀ ոստիկանությունը տնտեսական գործունեություն չի իրականացնում:

«Պահնորդների միության անդամ ընկերություններից բոլորն էլ նույն կարծիքն ունեն՝ արհեստականորեն պայմաններ են ստեղծվում, որպեսզի օրենքը չգործի: Իհարկե, դա թերացում է, որը պետք է շտկենք՝ մեր միությունը, Կառավարությունը, Ոստիկանությունը, որովհետև օրենքը շատ թերի է: Անհնար է, որ այդպիսով հունվարի 1-ից մարդկանց զրկեն աշխատատեղերից: Ես հավատում եմ, որ մինչև Նոր տարի կվերանայեն և կհետաձգեն օրենքի կիրառումը, ասենք՝ մի կես տարով, մինչև հնարավորություն կունենանք գրագետ ընթացակարգերով լիցենզավորվել»,- ասում է Պահնորդների միության համանախագահը:

Օրինակ՝ պահնորդական ընկերություններից մեկը Գյումրիի դեղատներից մեկի հետ պահնորդական ծառայություն մատուցելու պայմանագիր ունի, բայց ոստիկաններն արդեն դեղատան սեփականատիրոջը զգուշացնում են, որ խնդիրներ են լինելու օրենքի հետ: Ավելին՝ նույն զգուշացումները նաև հնչում է «Արարատբանկի» դեպքում, որն օգտվում է մասնավոր ընկերության ծառայությունից:

Մեր տեղեկություններով՝ Ոստիկանությունից նույնիսկ «Արարատբանկին» սպառնացել են՝ այդ բանկում գտնվող Ոստիկանության հաշիվները հանել: Ոստիկանությունն, իբրև պատրվակ, նաև մատնանշում է հրազենային զենքով բանկերում պահնորդություն իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ դրա իրավունքն առայժմ միայն ունեն Պետական պահպանության աշխատակիցները:

Այսինքն՝ Ոստիկանությունը փորձում է խոշոր ընկերություններին ներգրավել իր ոլորտ: Պահնորդական ընկերության ղեկավարները նաև Սահմանադրության կոպիտ խախտում են համարում այն հանգամանքը, որ Ոստիկանությանն իրավունք է վերապահվել պահնորդական ընկերություններին հսկելու և լիցենզիա տալու, այն դեպքում, երբ ոլորտում իրականացնում են միևնույն գործունեությունը:

Այսինքն՝ Ոստիկանության լիցենզիա տրամադրելու որոշումները կարող են խիստ սուբյեկտիվ լինել և կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակել: Պահնորդական ընկերությունները դեմ չեն, որ Ոստիկանության հսկողության ներքո գործեն, բայց լիցենզավորման իրավունք վերապահելը համարում են իրենց իրավունքների ոտնահարում:

Նաև նշենք, որ Կառավարության կողմից կարգ է հաստատվել, համաձայն որի՝ լիցենզավորման պայմանների խախտման համար վարչական տույժեր են կիրառվելու: Չլիցենզավորված անձը և տվյալ օբյեկտը ենթարկվելու է 150.000 դրամ տուգանքի, երկրորդ անգամ՝ 500.000 դրամ, իսկ երրորդ անգամ՝ Լիցենզավորման օրենքի պահանջով դադարեցվելու է առհասարակ պահնորդական գործունեությունը: Պահնորդական ընկերությունները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի թերացումները վերանայելու նպատակով:

Նաև հիշեցնենք, որ այս ընկերությունները տնտեսվարող սուբյեկտների հետ երկարաժամկետ պայմանագրեր ունեն: Եթե հունվարի
1-ից նրանք չկարողանան ծառայություններ մատուցել՝ ֆինանսական խոշոր ռեսուրսների կորուստ են ունենալու, հետևաբար` չի բացառվում, որ պայմանագրերի երկրորդ կողմը՝ ծառայությունից օգտվողները, դատարան դիմեն ծառայությունները պայմանագրով նախատեսված ժամկետներում պատշաճ չիրականացնելու պատճառով: Այսինքն՝ օրենքի կիրառումն ինքնին խաթարելու է իրավական դաշտը:

Մեր տեղեկություններով՝ պահնորդական ընկերության շուկայում գործող «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունն էլ պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն: «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին օրենքի վերաբերյալ այդ ընկերությունն առայսօր որևէ դիրքորոշում չի հայտնել և գնահատականներ չի հնչեցրել: Հիշեցնենք, որ օրենքի համահեղինակներից մեկն էլ անձամբ Գալուստ Սահակյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս