Երևանում երգուպարով կբացվի երրորդ գյուղատնտեսական շուկան
Գյուղատնտեսության նախարարությունը դեկտեմբերի 22-ին Սարյան պուրակում կբացի գյուղատնտեսական թվով երրորդ շուկան: Այս մասին այսօր 168.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի մամլո խոսնակ Անի Սմբատյանը:
«Բացման արարողությանը կմասնակցեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց Անի Սմբատյանը:
Նշենք, որ գյուղացիներին իրենց առևտուրը կազմակերպելու համար գյուղնախարարությունը տրամադրելու է անվճար վրաններ, արտահագուստ, սայլակներ, կշեռքներ: Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը: