Բաժիններ՝

«Իրավունք չունի՞ էդ մարդը մեքենա գնել, 12 տարվա մեքենա է, դա՞ է շքեղ ավտոմեքենան» (լուսանկարներ)

«Ալիկ Ղարիբյանին անձնական թշնամի ունի, ով տարբեր լրատվամիջոցներով ուղարկում է անստորագիր նամակներ` փորձելով վարկաբեկել նրա անունը»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` մեկնաբանելով ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հասցեին հնչող մեղադրանքները:

Նշենք, որ ԳԱԼԱ-ի խմբագրությունը ստացել է անանուն բողոք-նամակ, որում ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մեղադրվում է կաշառակերության մեջ: Նամակում մասնավորապես ասված է.

«ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, ԵՊՀ Գնումների հանձնաժողովի նախագահ՝ Ալիկ Ղարիբյանը, ընդամենը 1,5 տարի լինելով ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, արդեն հասցրել է դառնալ զգալի ունեցվածքի տեր, տիրապետել թանկարժեք անշարժ և շարժական գույքի: Բավական է միայն նշել, որ այս երիտասարդին են պատկանում ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես, սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր և այլն:

Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է աշխատում նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ` հայտնի ձևերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ: Բայց սա էլ դեռ ամենը չէ:

Կարդացեք նաև

Ալիկ Ղարիբյանը գումարներ է գանձում նաև ընթացիկ քննական շրջաններում` օգտագործելով և շահարկելով ռեկտոր Արամ Սիմոնյանի անունը: Հենց դա է պատճառը, որ աշխատակազմի ղեկավարի` հանրապետության մասշտաբներով միջին աշխատավարձով ապրող այս երիտասարդը նման ունեցվածքի տեր է դարձել»,- ասված է նամակում: Նամակին կցված է նաև Ալիկ Ղարիբյանի առանձնատան և ավտոմեքենայի լուսանկարները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով` արդեն պարզվել է, թե ով է այդ նամակի հասցեատերը, և հիմա Ալիկ Ղարիբյանը պատրաստվում է դատարան դիմել իրեն զրպարտելու համար: Նա նշել է, որ Ալիկ Ղարիբյանին հանձնարարել է վերահսկել ԵՊՀ տնտեսական ոլորտը, և այդ խուլիգանական երևույթը վրեժխնդրություն է:

«Իրավունք չունի՞ էդ մարդը մեքենա գնել, 12 տարվա մեքենա է, դա՞ է շքեղ ավտոմեքենան: Առանձնատունը իր և իր եղբոր ձեռքերով են կառուցել Դավթաշենի մի անտեր վայրում: Այդ նամակը անստորագիր է, ի՞նչ է, սա 37 թիվն է՞: Դա իր անձնական թշնամին է, ով նեղ շահադիտական նպատակներից ելնելով` ուզում է վրեժխնդիր լինել այդ մարդուց: Եթե Ալիկ Ղարիբյանը կաշառակեր լիներ, ես վաղուց դիմած կլինեի պատկան մարմիններին: Նա ուղղակի մի քիչ սեղմել է որոշ մարդկանց, հսկել է նրանց, որ չզբաղվեն նրանով, ինչով զբաղվում էին, դրա համար էլ վրեժխնդիր են լինում: Այդ մարդիկ ոչ խիղճ ունեն, որ բարոյականություն»,- վրդովմունք է հայտնել ԵՊՀ ռեկտորը:

ԵՊՀ ռեկտորը չցանկացավ մանրամասնել, թե ով է նամակի հասցեատերը: Միայն նշել է, որ ժամակնակը կգա և այդ մարդկանց «հախից կգան» քննչական մարմինները:

Մի քանի տարի առաջ «Միասին» երիտասարդական շարժումը աղմկահարույց ակցիա ձեռնարկեց կաշառակերության դեմ` Երևանի բանուկ մասերի շենքերի պատերին փակցնելով կաշառակեր դասախոսների լուսանկարները: ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը նշեց, որ բուհական կաշառակերության դեմ իրենց իրականացրած սկանդալային բողոքի ակցիայից հետո այն միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, ահա ինչու երիտասարդները դադարեցրեցին պայքարի նմանատիպ միջոցները:

«Բուհական կաշառակերությունը միանշանակ չի վերացել: Իհարկե կաշառք վերցնելու մեխանիզմներն են փոխվել, կարելի է ենթադրել, որ կաշառակերության տեմպերը մի փոքր նվազել են, քանի որ վերջին տարիներին եղան կաշառակերության մի քանի աղմկոտ բացահայտումներ ու պաշտոնանկություններ: Այնուամենայնիվ` խնդիրը դեռ մնում է չլուծված»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ ընդհանուր առմամբ բուհական կաշառակերությունը չի նվազել:

Մելանյա Մելքումյան
galatv.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս