Բաժիններ՝

ԵՄ-ն անհնարին է համարում Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը

Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ` դժվարանում է Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը: Որոշ բաղադրիչներով` մեր երկիրը չի կարողանա մասնակցություն ունենալ նաև եվրասիական ինտեգրմանը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է  Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը` պատասխանելով panorama.am-ի լրագրողին, թե  Եվրամիության համագործակցության բարձր մակարդակը, արդյոք, չի կարող վտանգվել եվրասիական ինտեգմանը` մեր երկրի մասնակցելուց:

Ինչպես փոխանցում է կայքը,  «Հայաստանը չի կարողանա լիարժեք մասնակցել եվրասիական ինտեգրման այս գործընթացին, քանի որ դրա որոշ բաղադրիչներ հակասում են Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու, ինչպես նաև` արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագրերին: Կգա պահը, որ Հայաստանը պետք է որոշի իր գերակայությունները», – ասաց նա` հավելելով որ մյուս ոլորտներում նման ինտեգրումը որևէ խնդիր չի հարուցելու:

Ուիլեմ վան դեր Գիստի կարծիքով` Հայաստանը կարող է ունենալ բարձր քաղաքական համագործակցություն` հետխորհրդային պետությունների հետ, բայց տնտեսության որոշ սեգմենտների հարցում հաշվի նստելով ԵՄ դիրքորոշման հետ:

Ըստ բանախոսի` Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը «ահնար է` Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում»:

«Քաղաքական որոշումներ կայացնելիս այս դեպքում տնտեսական որոշ սահմանափակումներ կլինեն: Մաքսային միության անդամակցող երկիրը զիջում է սուվերենության մի մասը, փոփոխվում են խաղի կանոնները, և հենց դա է պատճառը, որ այդ կառույցին անդամագրվելը հակասում է Եվրամիության հետ ազատ առևտրի հարաբերություններին», – ասաց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս