Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հունիսի 29-ին հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:
Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
«ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ պաշտպանության նախարարությունը մշտապես սատար է լինելու բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, ում ճակատագրերն անհայտ են, սակայն հայտնի է Հայրենիքն անմնացորդ նվիրումով պաշտպանելու նրանց սխրանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանն իր երախտիքի խոսքն է հայտնել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներին, ներկաներին և բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում Հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարում անհայտ կորած տղաների ճակատագրերը բացահայտելու ուղղությամբ։
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին: