Ռուսաց լեզվից որևէ դիմորդ 20 միավոր չի ստացել
Հայտնի են քիմիա և ռուսաց լեզու առարկաների միասնական քննությունների արդյունքները՝ ըստ ԳԹԿ-ի նախնական վերլուծության:
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1173 դիմորդ, քննության մասնակիցների թիվը եղել է 1042, միջին միավորը եղել է 13.36 միավոր:
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 172 է կամ մասնակիցների 16.5 տոկոս, իսկ 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ մասնակիցների 26.1 տոկոսը:
18-18.75 միավոր ստացել է 97 դիմորդ: 19-19.75 միավոր ստացել է 143 հոգի: 20 միավոր ստացել է 32 հոգի:
Ռուսաց լեզվի միասնական քննության համար հայտագրվածների թիվը 264 է, քննությանը մասնակցել է 246 դիմորդ: Ռուսաց լեզվի միջին միավորը 12,76 է` ի տարբերություն անցյալ տարվա 12,2-ի: Ռուսերենից «կտրվել» է 19 դիմորդ կամ մասնակիցների 7,7 %-ը, մինչդեռ 2020 թ. «կտրվածները» կազմում էին 15,4 % կամ 26 դիմորդ: Այս տարի ռուսաց լեզվից 18-20 միավոր է ստացել 27 հոգի կամ 11%-ը, այդ թիվն անցյալ տարի կազմում էր 10,1% կամ 17 դիմորդ: Ռուսաց լեզվից որևէ դիմորդ 20 միավոր չի ստացել, սակայն 19-19,75 միավոր է ստացել 5 դիմորդ:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկել էին բուհերի ընդունելության միասնական քննությունները։
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների առաջին փուլում բացակայել են քննություններից կամ հիվանդության պատճառով ընդհատել են այն, եթե ցանկանում են 2-րդ փուլում հանձնել նույն առարկաների քննությունը կամ քննությունները, ապա պետք է սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ժամը 17։00-ն դիմեն «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի [email protected] էլ․ փոստի հասցեին։