«Ես չեմ կարող ու չեմ էլ ուզում բացատրել իշխող ուժի ցուցանիշի այս կտրուկ տարբերությունը». GALLUP International Association-ի ներկայացուցիչ

Հունիսի 18-ին GALLUP International Association-ի հրապարակած արդյունքներով` «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։

ԿԸՀ ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ՔՊ-ն ստացել է ընտրողների 53.91%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 21.09%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%-ը:

GALLUP International Association-ի այսօր հրապարակած հետընտրական հարցումների տվյալներով` հարցվածների 35.8%-ն իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 24.4%-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, 6.8%-ը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին:

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ իրենց համար ինչ-որ չափով հասկանալի են երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուժերի ստացած ձայները ու դրանց տարբերությունն իրենց իրականացրած հետազոտությունների հետ, սակայն վերջինիս խոսքով՝ անբացատրելի են իշխող ուժի ստացած ձայները:

«Դուք հիշում եք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում տեղի ունեցան ակտիվ գործողություններ՝ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից, և «Բարգավաճ Հայաստան»-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան» դաշինքի որոշ ակտիվիստներ, որոնք աշխատում էին նաև ձայն բերելու հետ կապված, եղան ձերբակալումներ, և խնդիրներ կային: Ես կարծում եմ, որ եթե իրենք այդ գործողությունները արել են, արել են իրենց ամենաակտիվ անդամների հետ կապված, կան նաև մարդիկ, ովքեր ևս աշխատել են ոչ այնքան ակտիվ, ձեռնպահ են եղել այդ երկու դաշինքի հետ կապված ձայների խթանելու հարցում…

Ցավոք սրտի, թե ի ուրախություն՝ ես չեմ կարողանում և չեմ էլ ուզում բացատրել իշխող ուժի ցուցանիշի այս կտրուկ տարբերությունը»,- հետընտրական հարցման արդյունքները ներկայացնելով՝ ասաց Արամ Նավասարդյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս