ՔՊ-ին ձայն է տվել հարցվածների 35.8%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 24.2%-ը, «Պատիվ ունեմ»-ին՝ 6.8%-ը. GALLUP International Association-ի հետընտրական հարցումները

Հունիսի 27-ին ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ ԱԺ են անցնում երեք ուժ՝ հետևյալ քվեներով.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 688.761 կամ 53.91%,

«Հայաստան» դաշինք՝ 269.481 կամ 21.09%,

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66.650 կամ 5.22%:

Ընտրությունների նման արդյունքները զարմանալի էին շատերի համար: Նախընտրական շրջանում իրականացված հարցումները տալիս էին արդեն իսկ գրանցված արդյունքներից բավականին տարբերվող արդյունքներ:

Հունիսի 18-ին GALLUP International Association-ի հրապարական արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը այսօր ներկայացրեց ընտրություններից հետո իրականացրած հարցումների արդյունքները:

ՀՀ-ում հունիսի 23-26-ն իրականացրած հեռախոսային հարցումներին մասնակցած 1112 քաղաքացիներից հարցում իրականացնողները հետաքրքրվել են, թե երբ են վերջնական որոշել, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու:

Հարցվածների 26.2%-ն այդ որոշումը կայացրել է ընտրություններից ավելի քան 7 օր առաջ, 19.8%-ը՝ ընտրություններից 5-7 օր առաջ, 13.7%-ը՝ ընտրություններից 3-4 օր առաջ, 14.3%-ը՝ ընտրություններից 1 օր առաջ, իսկ 7.6%-ը՝ հենց ընտրությունների օր:

Հաջորդ հարցը վերաբերել է խորհրդարանական ընտրությունների՝ արդար և թափանցիկ անցկացմանը: Հարցվածների 38.7%-ը «միանշանակ այո» է պատասխանել այդ հարցին, 20.1%-ը՝ «ավելի շատ այո», 18.8%-ը՝ «ավելի շուտ ոչ», իսկ 17.9%-ը «միանշանակ ոչ» է պատասխանել հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններն անցկացվել են արդար ու թափանցիկ և արտահայտել են ժողովրդի կամքը:

Հարցում իրականացնողները նաև հարցվածներից հետաքրքրվել են, թե ում օգտին են տվել իրենց ձայնը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցվածներից 35.8%-ը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 24.4%-ը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, 6.8%-ը՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքին, 4.4%-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս