CFWIJ-ը դատապարտել է լրագրողների դեմ ուղղված ոստիկանական բռնությունները Թուրքիայում
«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել էր ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։ Բացի Քըլըըչից ոստիկաները խոչընդոտել են նաև 4 լրագրողի աշխատանքը, վերջիններիս բերման են ենթարկել
«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) հայտարարություն է հրապարակել՝ դատապարտելով ողջ Թուրքիայում ոստիկանության կողմից գործադրվող բռնությունների աճը:
Կոալիցիան թուրք ուժայիններից պահանջել է լրագրողների վրա հարձակվելու փոխարեն ապահովել ազատ և անվտանգ միջավայրում նրանց աշխատանքը:
«Լրագրողների ամենահիմնարար իրավունքն է տեղում լուսաբանել զանգվածային իրադարձությունները և դրանք հասցնել հասարակությանը: Չեն կարող խոչընդոտել լրագրողներին»,- նշվում է հայտարարությունում: