«Հիմա մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, բնակիչներն իրենց գործին են․ միջադեպը Տեղ համայնքում է գրանցվել». Խնածախի գյուղապետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 27-ին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում թշնամին թույլ չի տվել, որպեսզի գյուղացիները կատարեն գյուղատնտեսական աշխատանքներ։
«Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:
Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները:
Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար»,- գրել էր Արման Թաթոյանը:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղը, որն այսօր թշնամու դիրքերից 300 մետր հեռավորության վրա է, փորձում է անվտանգ կազմակերպել խոտհունձքը։
168.am-ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանն ասաց, որ երեկվա միջադեպը գրանցվել է Տեղ համայնքում․ այս պահին Խնածախում ամեն ինչ հանգիստ է։
«Հիմա մեր գյուղում ամեն ինչ նորմալ է, բնակիչներն իրենց գործին են։ Տեղ համայնքում է միջադեպը գրանցվել։ Նորմալ պայմաններում մարդիկ իրենք աշխատանքներն են կատարում»,- նշեց Խնածախի գյուղապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց գյուղից մոտավորապես 3 ամիս առաջ թշնամին կովեր է գողացել, սակայն հաջողվել է անասուններին վերադարձնել։
«Դրանից հետո, որևէ նման դեպք չի գրանցվել։ Մարդիկ իրենց հողերը նորմալ մշակել են ու նորմալ խոտհունձ են անում»,- եզրափակեց Անուշավան Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին թշնամին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի դիրքերի ուղղությամբ մի քանի կիլոմետր առաջ է եկել և միչև օրս շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։