Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է 16 երեխա և 7 մեծահասակ

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության:

Դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում:

Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում:

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,

խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,

ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,

խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,

կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,

խորոված պատրաստելիս, անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),

հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,

կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,

խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,

ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,

մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

Տեսանյութեր

Լրահոս