«Մենք մեր արոտավայրերը չենք օգտագործում, դրանք սահմանին շատ մոտ են». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Անցնող արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի համար սպասելի էին։

168.am-ի հետ զրույցում Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ որոշ չափով սպասում էր, որ նման արդյունքներ կլինեն, սակայն պատճառների մասին դժվարանում է խոսել։

«Ես չեմ կարող ասել, թե ինչու է սյունեցին այդպես քվեարկել, այդ պատճառների մասին գուցե իրենց հարցնեք։ Ես հիմա չգիտեմ, թե ինչ է լինելու, հուսով եմ, որ լավ կլինի, այս հույսը մեր մեջ ենք պահում, առանց դրա ապրել չի լինի, կամ էլ շատ ավելի վատ է լինելու, ավելի վատ, քան հիմա է։ Ինքս հանուն խաղաղության եմ քվեարկել»,- նշեց Ներքին Հանդի վարչական ղեկավար։

Նա դժվարացավ ասել, իշխանությունների վերընտրվելու դեպքում Սյունիքի անվտանգային խնդիրները կլուծվե՞ն, թե՞ ոչ, բայց իրենք հույսով սպասում են։

«Ես չեմ կարող ասել, այդ խնդիրները կլուծե՞ն, թե՞ չէ, բայց մենք հույս ունենք, որ կլուծեն, այսինքն՝ կամ լավ կլինի, կամ շատ ավելի վատ։ Այս ընթացքում գյուղում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, այսինքն՝ այնպես, ինչպես երկու ամիս առաջ էր, երբ թշնամին մի քանի կիլոմետր առաջ եկավ։ Դե, թշնամին Սյունիքում առաջ է եկել դեկտեմբերի 18-ին, դրանից հետո էլ մայիսի 12-ին որոշ հատվածներում առաջ եկավ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի մարզի հատվածում ռուս սահմանապահների կամ խաղաղապահների տեղակայմանը, Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ նրանց հետ պետք է անպայման լինեն հայ զինվորներ։

«Մեր բանակն անպայման պետք է լինի իրենց հետ, եթե մեր տղերքը նրանց հետ լինեն, մենք ավելի անվտանգ կլինենք, այսինքն՝ երաշխավորություն կլինի, որ անվտանգ ենք ապրում։ Հիմա տեսեք, մենք մեր արոտավայրերը չենք օգտագործում, դրանք սահմանին շատ մոտ են, և սահմանին մոտ առհասարակ գյուղատնտեսական աշխատանք չենք կատարում։ Մենք սահմանից հեռու ունեինք խոտհարքներ ու վարելահողեր, ճարահատյալ այդտեղ ենք արածեցրել, դե, դրա վնասներն էլ քաղում ենք, այսօր խոտ չենք կարողանում հավաքել, այսինքն՝ խոտ չկա, արածացրել են»,- եզրափակեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փետրվարի 15-ին հրապարակված ցուցակով մի շարք համայնքների հետ միասին Ներքին Հանդ գյուղը նույնպես ներառվել էր սահմանամերձ գյուղերի ցանկում։

Սյունիքի մարզում տեղի ունեցած դիրքային փոփոխությունների արդյունքում, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձել են սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս