Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:
Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:
Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:
Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ թվում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով: