FAON-ը շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին և մասնավորապես պատգամավորներ Գերտ Յան Սեգերսին (Քրիստոնեական միություն) և Թոմ վան դեր Լեյին (Ձախ Կանաչներ) ներկայացրած բանաձևի համար, որով նրանք հորդորել են կառավարությանը չգործուղել կառավարության ներկայացուցիչներին Բաքու, այդ թվում՝ ներկայումս ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում Նիդերլանդների ազգային հավաքականի քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Բանաձևն ընդունվել է հունիսի 23-ին: Այս մասին տեղեկացնում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։
«Հունիսի 27-ին Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հոլանդիայի հավաքականը կհանդիպի Չեխիայի հավաքականի հետ, իսկ հաղթելու պարագայում Հոլանդիայի հավաքականը Բաքվում քառորդ եզրափակիչ փուլում կհանդիպի կամ Դանիայի հավաքականի կամ Ուելսի հավաքականի հետ»,- հայտնել են ֆեդերացիայից և հավելել. «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) գոհ է, որ այս բանաձևի ընդունումը խորհրդարանում ապահովում է, որ Նիդերլանդների թագավորը կամ նախարարը չեն հայտնվելու այնպիսի իրավիճակում, երբ նրանք իրենց ներկայությամբ կսատարեին ավտորիտար նախագահ Ալիևին «մարզական լվացք» իրականացնելու գործում»։
Բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։ Բանաձևում նշված է նաև «Ռազմական ավարների պուրակի» առկայությունը Բաքվում, որտեղ, ի թիվս այլոց, ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտները:
«Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, մամուլի և խոսքի ազատության բացակայությունը բավարար կլինեին խուսափել այդ երկրից և մերժել Բաքվի թեկնածությունը, որպես խաղերի անցկացման քաղաք, էլ չխոսենք եվրոպական ինստիտուտներում և երկրներում Ադրբեջանի բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան համարում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքը և այնտեղ կիրառված միջոցները նույնպես կասկածելի են դարձնում ՈՒԵՖԱ-ի որոշումը, որի համաձայն՝ Բաքուն չի մերժվել որպես խաղերը հյուրընկալող քաղաք։ «Կարելի է նշել բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը խախտել է ՈՒԵՖԱ-ի այնպիսի սկզբունք, ինչպիսին է պայքարը խտրականության և ռասիզմի դեմ` արգելելով կամ խոչընդոտելով հայկական ազգանունով լրագրողների աշխատանքը, տրանսգենդեր անձի առևանգումը և ծեծի ենթարկելը, որից հետո հիվանդանոցում հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։ ՈՒԵՖԱ-ն պետք է արագ գտներ մի այլ քաղաք մրցաշարի անցկացման համար։
Բազմաթիվ բողոքներ, որոնք զանազան երկրների կազմակերպությունների կողմից ուղարկվել են ՈՒԵՖԱ-ին և ազգային ֆուտբոլի կառույցներին, մինչ այժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) նամակը Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային (KNVB-ին) նույնպես մնացել է անպատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ Բաքվում Նիդերլանդների կառավարության բարձրաստիճան անդամների ներկայության նպատակը կլիներ փառավորել նախագահ Ալիևին, և դրա կանխումը պետք է ընկալել որպես բողոքի դրսևորում ռազմագերիների ապօրինի կալանքի դեմ։
FAON-ը նաև Չեխիայի, Ուելսի և Դանիայի խորհրդարաններին կոչ է անում, օգտվելով իրենց երկրների օրենքներից, ապահովել, որ եթե այդ երկրներից մեկի հավաքականը գնա Բաքու, ապա այդ երկրի կառավարության ներկայացուցիչը ներկա չլինի Բաքվում