670 հազար անվճար տոմս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով բավարարվեցին դրանցում հետաքրքրություն ունեցող գրեթե բոլոր արտաքին ուժերի ու կենտրոնների շահերը, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Լայն իմաստով, ընտրությունների արդյունքներն ամենաքիչը համապատասխանում են հայկական շահին, ինչը, այո, նոնսենս է, սակայն, վիտրաժային ժողովրդավարության ջատագովների եզրաբանությամբ, լեգիտիմ նոնսենս է։

Հայ հասարակությունը բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց հատկապես այն մեկը, որն ամենաքիչը կապ ունի հայկական շահի հետ։ Հայ հասարակությունը լեգիտիմացրեց իշխանությանը, որի առաքելությունը ոչ միայն հայկական, այլ դրանից առաջ բազմաթիվ այլ շահերի սպասարկումն է։ Նաև ընդդիմության մեղքով ու ոչ ճիշտ քարոզչական շեշտադրումների հետևանքով հասարակությունն ամբողջությամբ չգիտակցեց, որ այս ընտրություններն առավելապես արտաքին քաղաքական ու անվտանգային նշանակություն ունեցող միջոցառում են, չգիտակցեց ու նախապատվություն տվեց մուրճին՝ նախկինների պատժին, վենդետաներին, ասֆալտին փռելուն, ծակերը կոխելուն։

Այսինքն՝ հասարակությունն արտաքին, անվտանգային ու ներքին օրակարգերի միջև ընտրեց վերջինը, որովհետև այն ավելի դիտարժան է ու առավել մեծ չափով է հագուրդ տալու ատելության մոլուցքին։

Սա տեխնոլոգիական առումով գործունեության լայն դաշտ է բացում նոր իշխանության համար։ Քանի որ հասարակությունն ընտրել է ներքին օրակարգը, իշխանությունն առավել չափով բավարարելու է այն՝ դրան զուգահեռ՝ կիսահրապարակային կերպով կատարելով արտաքին քաղաքական բոլոր այն քայլերը, որոնց համար լայն իմաստով Նիկոլ Փաշինյանը պահպանել է իր իշխանությունը։ Իսկ դրանք առաջին հերթին վերաբերում են անվտանգային հարցերին, Մեղրիի միջանցքին ու անկլավների վերադարձին, Ադրբեջանի, ապա՝ Թուրքիայի հետ հարաբերություններին, վերջնարդյունքում խաղաղության պայմանագրի ստորագրման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միջոցով Արցախի հարցից վերջնական հրաժարումին։

Ահա բոլոր այդ քայլերը Նիկոլ Փաշինյանն իրականացնելու է այնպես, որ դրանց նկատմամբ ներքին դիմադրությունը հասցվի նվազագույնի։ Իսկ այդ հարցում նրան օգնելու է «պողպատե մանդատը», որը հասարակությունը գերադասեց պետական շահին ու արժանապատվությանը։ Դրա շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հերթով ստորագրելու է բոլոր հակահայկական փաստաթղթերը՝ փոխարենը հասարակությանը կերակրելով տեսարաններով։

Ասենք, անկլավների վերադարձի փաստաթղթի ստորագրման նախօրեին ասֆալտին կփռվի որևէ նախկին պաշտոնյա, խաղաղության պայմանագրի ստորագրման օրը ԱԱԾ-ն «ժողովրդին կվերադարձնի» մեկ այլ նախկինի առանձնատուն, իսկ Մեղրիի միջանցքի բացման պահին հասարակությանը կզբաղեցնեն թալանչիներից մյուսին «ծակերը կոխելու» դեդեկտիվ տեսագրության քննարկմամբ։

Հունիսի 21-ի ընտրությամբ հասարակությունը ստացել է դիտարժան տեսարանների հանդիսատեսի անվճար տոմս և վայելելու է այդ տեսարանները՝ հատկապես այն օրերին, երբ դրանց բեմադրիչն իր ընտրությունը ողջունած որևէ մայրաքաղաքաում ստորագրելիս կլինի Արցախի ու Հայաստանի դեմ ուղղված հերթական փաստաթուղթը։ Պողպատե գրիչով, բնականաբար։

Ինչպես ասում են՝ լաց և տեսարաններ:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս