Ի պատասխան ԱԻՆ-ի պարզաբանման
Հունիսի 22-ին 168.am-ը «ԱԻՆ-ը մեկ անձից 285 միլիոն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրությունից առաջ» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով կառավարության կողմից մեկ անձից կատարված գնման հերթական որոշմանը։
Հոդվածի աղբյուրը Կառավարության կայքի «Մեկ անձից գնումներ» բաժնում հրապարակված գնման պայմանագիրն է, ըստ որի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 285,953,600 դրամի մեկ անձից գնում է կատարել։ Նկարը՝ ստորև․
Կառավարության կայքում հրապարակված գնման պայմանագրում գրված է, որ 258 միլիոն 953 հազար 600 դրամով գնվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերն անվտանգ պահպանելու ծառայություններ, ինչը նույնությամբ հրապարակվել է 168.am-ի համապատասխան հոդվածում։
Տես՝ գնման պայմանագրի հավելված 1-ին-ում
Գնման պայմանագրում առկա է մեկ նախադասություն «Նաիրիտ» գործարանի աշխատողներին վճարված աշխատավարձերի վերաբերյալ, ինչի մասին ևս 168.am-ի հոդվածում նույնությամբ գրված է։
Տես՝ գնման պայմանագրի հավելված 1.1-ում
Կառավարության կայքում հրապարակված մեկ անձից գնման պայմանագրում չկա որևէ նշում այն մասին, թե 285 միլիոն 953 հազար 600 դրամից քանի դրամն է ուղղվել աշխատողների աշխատավարձերի վճարմանը, հետևապես՝ նման որևէ նշում չէր էլ կարող լինել 168.am-ի հրապարակման մեջ։
Գնման պայմանագրում 285 միլիոն 953 հազար 600 դրամի դիմաց գրված է՝ ծառայության գնում, ուստի, ճիշտ կլինի նախապես գնման պայմանագիրը կազմել ճիշտ, որպեսզի հավելյալ պարզաբանումների կարիք չլինի։
Հրապարակում ենք նաև մեզ ուղարկված ԱԻՆ-ի պարզաբանումը․ «Հունիսի 22-ին 168.am լրատվական կայքի «ԱԻՆ-ը մեկ անձից 285 մլն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրություններից առաջ» հրապարակման մեջ նշված թվային տեղեկատվությունն ամբողջական չէր և կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Այդ իսկ պատճառով, պարզաբանում ենք, որ ՀՀ կառավարության 03.06.2021թ. թիվ 923-Ն որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 285 953 600 դրամ, որից 231 միլիոն ՀՀ դրամը փոխանցվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատողների 7 ամիսների (2020թ. նոյեմբերից 2021թ. մայիս) աշխատավարձերի վճարման համար: Իսկ 54 մլն 953 հազար դրամը հատկացվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության, կոմունալ, էներգետիկ և պահպանության ընթացքում իրականացվող ծախսերի վճարման նպատակով:
Որոշման 2-րդ կետի համաձայն գնումն իրականացվել է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն: Հարկ ենք համարում նշել նաև, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն հանդիսանում է պետական սեփականություն, այդ իսկ պատճառով կառավարության կողմից գումար է հատկացվել աշխատավարձերի և պահպանության այլ ծախսերի վճարման համար»: