
ԱԻՆ-ը մեկ անձից 285 միլիոն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրությունից առաջ

168.am-ը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար ներկայացրել է Կառավարության չզեկուցվող հարցերով ընդունված այն որոշումները, որոնցով Կառավարությունը փակում էր պարտքեր, ինչպես նաև պետական բյուջեից կատարում տարատեսակ հատկացումներ։
Նմանատիպ որոշումներից մեկի մասին գրել էինք դեռևս հունիս 3-ին՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրություններից առաջ Կառավարությունը խոստացել է վճարել նաև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձը։
Եվ ահա՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վճարել է գործարանի աշխատակիցների 2021 թվականի հունվարից մինչև մայիս չվճարված աշխատավարձի պարտքը, մարվել է նաև 2020 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձի պարտքը։
Սրանից բացի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 14-ին մեկ անձից գնման սկզբունքով 285,953,600 հազար դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ՝ գործարանում տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերը անվտանգ պահպանելու ծառայությունների մատուցման համար։ Իսկ դրա համար գումարը վճարելու է ոչ թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, այլ Կառավարությունը: Ասել է թե՝ մի գրպանից մյուս գրպանն են դնելու: