ԱՄՆ-ը ա՞չք է փակում նախընտրական շրջանի արատավոր երևույթների վրա

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում օրերս անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցված արատավոր ելույթների, զարգացումների վերաբերյալ որևէ գնահատական չի հնչեցրել:

Դա մի կողմից կարելի է հասկանալի համարել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ յուրաքանչյուր գնահատական կարող է դիտարկվել՝ որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ, մյուս կողմից՝ ոչ, որովհետև ամերիկյան կողմը ժամանակ առ ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներին և հատկապես այնպիսի գործընթացներին, որոնք կարող էին սպառնալ մարդու իրավունքների իրացմանն ու ժողովրդավարական գործընթացներին: Հատկապես ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը բարձր առաջնահերթություն են, որոնք առանցքայնորեն ձևավորում են Բայդենի քաղաքականությունը:
Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ Ջո Բայդենը նշում էր, որ ԱՄՆ-ը շարունակում է առաջ տանել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը, այս հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում նաև արտաքին երկխոսության մեջ:

Հեղինակավոր վերլուծաբանների կարծիքով, Միացյալ Նահանգների  քաղաքականության մեջ սա համակարգային թեմա է, ԱՄՆ քաղաքականությունը վերադարձել է գաղափարախոսությանը, արևմտյան արժեքայնությանը և բարոյականությանը, որը պետք է խթանի և ամրապնդի գլոբալ առաջնորդության ԱՄՆ հավակնությունները: Այսինքն, ըստ այդ կարծիքների, Միացյալ Նահանգների համար կարևոր է լինելու ոչ այնքան շահը, այլ արժեքային համակարգը, այսինքն՝ ենթադրվում է, որ հանուն շահի ԱՄՆ-ը չի կարող «աչք փակել» հակաժողովրդավարական գործընթացների, ապօրինությունների վրա:

Եվ խոսելով հայ-ամերիկյան օրակարգից, հարկ է նշել, որ նախկինում ամերիկյան կողմը կաշկանդված չի եղել և խոսել է այն հանգամանքների, արատավոր երևույթների մասին, որոնք խոչընդոտել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հետևելով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ ԱՄՆ դեսպանատունը քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ հունիսի 16-ին, անվտանգային զգուշացում էր տարածել ԱՄՆ քաղաքացիների համար՝ հաղորդելով, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: «ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ»,- նշված էր զգուշացման մեջ։
Սակայն ներկայիս փուլում, կարծես, Միացյալ Նահանգներին քիչ է մտահոգ, կամ ընդհանրապես չեն մտահոգում այն արատավոր երևույթները, որոնք գրանցվել են, օրինակ, հայաստանյան ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Խոսքը, մասնավորապես, իշխանության կողմից ծայրաստիճան ագրեսիվ, սպառնալիքներով լի հռետորաբանության, ինչպես նաև վարչական լծակների տոտալ կիրառման մասին է, որոնց վերաբերյալ, ի դեպ, եղել են հաղորդումներ՝ ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ՝ ՄԻՊ Արման Թաթոյանի անդրադարձներում: Խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Պետդեպը ողջունել էր դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը, արձանագրել՝ ուրախ են, որ դիտորդական առաքելության նախնական գնահատականով, ըստ որի` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապայքարի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաև ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:

«Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտահոգությունն ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կոպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, և գործի դնել ընտրությունների բողոքարկման օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհարդարից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանին բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերում իր ձեռքբերումների համար և խրախուսում շարունակել այս ուղին՝ հայ ժողովրդի 2018-ի գարնան հավատամքի համապատասխան: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական սկզբունքները և սպասում նոր կառավարության հետ համագործակցությանը՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասված էր հաղորդագրությունում:

Հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի խիստ լարված բնույթը, որը դրսևորվում էր թե հռետորաբանությամբ, սպառնալիքներով, մուրճի ցուցադրությամբ, թե վարչական ռեսուրսի կիրառմամբ, «168 Ժամ»-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հարցեր էր հղել՝ փորձելով ծանոթանալ ամերիկյան կողմի կարծիքին նախընտրական մթնոլորտի առնչությամբ:

Դեսպանատանը մասնավորապես հետևյալ հարցերն էինք ուղղել. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխող ուժի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից արվել են դեմոնստրատիվ սպառնալիք պարունակող ելույթներ հետևյալ ձևակերպումներով. «Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետայի, կադրային ջարդերի», ավելին՝ իշխող ուժի նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշը դարձավ մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխերին» հեռացնելու նպատակով: Թեմային առանձին հայտարարությամբ անդրադարձել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս հռետորաբանությունը, մուրճի ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները նախընտրական շրջանում իշխող ուժի թեկնածուի կողմից»:

Եվս մեկ հարց ուղղել էինք վարչական լծակների կիրառման վերաբերյալ. «համացանցում և մամուլում բազմաթիվ տեսաապացույցներ են հրապարակվում իշխող ուժի քարոզարշավի օգտին վարչական ռեսուրսի կիրառման մասին: Մասնավորապես հայտնի է, որ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին հրահանգ էր իջեցվում ներկայանալ վարչապետի հավաքին՝ սպառնալով աշխատանքից ազատել, բազմաթիվ անչափահասներ էին մասնակցում իշխանության հանրահավաքներին ու հավաքներին, կան ապացույցներ՝ ինչպես են ավտոբուսներով բերվում հավաքներին, բացի այդ, ահռելի քանակությամբ ոստիկանական և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են ներգրավել իշխանության քարոզարշավի ընթացքում: Սա խնդրահարույց համարո՞ւմ եք, թե՞ ոչ: Վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատունն ի՞նչ դիրքորոշում ունի»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեր երկու հարցերին պատասխանել են մեկ մեկնաբանությամբ, որն ըստ էության լիովին ԱՄՆ Պետդեպի հայտարարությունն է: Այսինքն՝ ավել գնահատականներ տալ ամերիկյան կողմն ընտրական մթնոլորտին նպատակահարմար չի համարում:
Մեզ ուղարկված պատասխանում ասվում է, որ ինչպես ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի երկուշաբթի օրվա հայտարարության մեջ նշված էր, ԱՄՆ-ի համար գոհացուցիչ էր տեսնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացություններն այն մասին, որ ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։

Ըստ դեսպանատան, իրենք նաև կիսել են ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։

«Տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող բոլոր հայերին մենք հորդորել ենք հարգել ընտրությունների արդյունքները, երբ դրանք հաստատվեն, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային»,- նման դիրքորոշում են հայտնել ԱՄՆ դեսպանատնից՝ ըստ էության մեր կոնկրետ հարցերին տալով ոչ կոնկրետ պատասխաններ:

Ի դեպ, նշենք նաև, որ մեր հարցերից հետո ևս մամուլում տարածվում են ընտրախախտումների մասին նոր ապացույցներ:
Խոսքը զինվորների մասսայական ուղղորդված քվեարկության մասին է:

Ամփոփելով՝ ցանկություն է առաջանում հարցեր ուղղել ամերիկյան կողմին՝ այս երևույթները չե՞ն խոչընդոտում արդյոք երկկողմ հարաբերությունների զարգացմանը, նման արատավոր նախընտրական մթնոլորտը, որն աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում, ընտրախախտումների ուշագրավ գունապնակով ընդունելի՞ են ամերիկյան կողմի համար, Հայաստանի դեպքում ամերիկյան կողմը հարաբերությունները դիտարկում է հիմնված շահի՞, թե՞ արժեքային համակարգի վրա: Պատասխանները, թերևս, ակնհայտ են:

Տեսանյութեր

Լրահոս