ՀՀ նախագահ. Պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չէր

Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների փաստաթուղթը խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է:

«Եթե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չլինեն, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք: Պարզ է, որ այս հրադադարը համաձայնեցված է երեք կողմերի միջեւ, միգուցե ետնաբեմում ներգրավված է չորրորդը՝ Թուրքիան, որը ինչպես եւ Ձեր երկիրն է (Իսպանիան), ՆԱՏՕ-ի անդամ է, եւ որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը»,- այս մասին ՀՀ նախագահն ասել է իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում:

Նա նաեւ նշել է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չէր:

«Այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների եւ հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, եւ դա բավականին խոր կապ է»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս